Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

29.07.2018

Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի ուղեկցությամբ հուլիսի 28-ին եւ 29-ին այցելել է Սյունիքի մարզի մի շարք խոշորացված համայնքներ, հանդիպումներ ունեցել համայնքների ղեկավարների, ավագանու անդամների, բնակավայրերի վարչական ղեկավարների եւ բնակիչների հետ։

Քաջարան համայնքում անցկացրած խորհրդակցության ընթացքում նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ մարզային այցելության նպատակն է տեղում ծանոթանալ խոշորացման ծրագրի արդյունքում գրանցված ձեռքբերումներին եւ բացթողումներին, բաց ու անկեղծ քննարկումների միջոցով որոնել առկա խնդիրների հաղթահարման ուղիները, ինչպես նաեւ անմիջականորեն հետեւել վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցի արդյունքում տրված հանձնարարականների կատարման ընթացքին։

Այնուհետեւ նախարարն ու մարզպետն այցելել են Մեղրի խոշորացված համայնք, որտեղ համայնքապետի, ավագանու անդամների, բնակավայրերի վարչական ղեկավարների հետ քննարկել են  համայնքային նշանակության հարցեր, լսել համայնքային իշխանության պատասխանատուների տեսակետները բազմաբնակավայր համայնքի հետագա զարգացման, կենտրոնացված բյուջետային միջոցների նպատակային օգտագործման, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ։

Սուրեն Պապիկյան ու Կարեն Համբարձումյանը այցելել են նաեւ Վարդանիձոր, Շվանիձոր եւ Ալվանք բնակավայրեր, հանդիպել գյուղացիների հետ, լսել նրանց մտահոգող խնդիրները, ծանոթացել Շվանիձոր գյուղի հարակից տարածքում գտնվող 16-րդ դարին պատկանող քահրիզների վերանորոգման ու վերագործարկման աշխատանքներին, որոնց նպատակն է լուծել բնակավայրի խմելու ու ոռոգման ջրի կենսական խնդիրը։

Աշխատանքային այցի վերջին օրը նախարար Սուրեն Պապիկյանն ու մարզպետ Կարեն Համբարձումյանը Սիսիանի համայնքապետարանում խորհրդակցություն են անցկացրել Սիսիան, Տեղ, Տաթեւ եւ Գորայք համայնքների ղեկավարների, ավագանու անդամների եւ բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։ Վերջիններս ներկայացրել են համայնքային տնտեսությունների կարիքները, գյուղատնտեսական տեխնիկայի սակավության պատճառով բերքահավաքի կազմակերպման ընթացքում հանդիպող բարդությունները, բերքի իրացման ոլորտում առկա դժվարությունները, ինչպես նաեւ ոռոգման ջրի հասանելիության խնդիրները։

Անդրադառնալով համայնքների խնդիրներին՝ նախարարն ասել է.«Ես համամիտ եմ, որ գործադիր իշխանությունն իր էական դերակատարումը պետք է ունենա տեղական ինքնակառավարման համակարգի կայացման եւ համայնքների համաչափ զարգացման գործում, բայց եւ այնպես ՏԻՄ-երի ինքնուրույնությունը ապահովելու եւ համայնքային ռեսուրսները ճիշտ օգտագործելու համար մեծ անելիքներ ունեն հենց տեղական իշխանությունները»:

 Աղբյուրը՝   http://mtad.am

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-10-16 18:31:46