Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԱՄԵՆԱՄՅԱ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ
11.08.2018
Այսօր Սյունիքի մարզկենտրոն Կապանում հանդիսավորությամբ բացվեց «Ուսանողական ամառ Կապան - 2018» երիտասարդական փառատոնը:
Համաքաղաքային ավանդական միջոցառումն անց է կացվում արդեն 6-րդ տարին, այն կազմակերպում է համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդը:
Փառատոնի պաշտոնական բացմանը ուսանողներին Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի անունից ողջունեց եւ շնորհավորեց մարզպետի տեղակալ Գոռ Թադեւոսյանը, ելույթ ունեցան նաեւ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Ն.Ղահրամանյանը, Կապանի հոգեւոր հովիվը, փառատոնի կազմկոմիտեի անդամները:
«Փառատոնի օրերին ցանկանում եմ ձեզ անմոռանալի պահեր, հետաքրքիր նախաձեռնություններ, հիշարժան միջոցառումներ եւ նոր ծանոթություններ, որոնք ամուր ընկերության հիմք կդառնան», - նշեց Գ.Թադեւոսյանը` հույս հայտնելով նաեւ, որ այս միջոցառումը կազմակերպելու եւ ամառային արձակուրդներն ակտիվ անցկացնելու օրինակը վարակիչ կդառնա մարզի մյուս համայնքների համար:
Մարզպետի տեղակալը հավելեց նաեւ. «Մենք մարզում երիտասարդական քաղաքականության արդյունավետ իրականացման համար պատրաստ ենք լսելու այս փառատոնի ընթացքում ձեր ընդհանրացրած գաղափարները, իրատեսական առաջարկությունները, որոնց իրականացմանը կարող է աջակցել Սյունիքի մարզպետարանը»:
Փառատոնի բացման պաշտոնական մասին հետեւեցին ուսանողների ուժերով կազմակերպված համերգային կատարումները:
Այս տարի փառատոնի նշանաբանն է «Կապանը ես եմ...»: Ուսանողները բաժանվել են 5 ջոկատների եւ առաջիկա օրերին տարբեր նախաձեռնություններով հանդես կգան:
Նշենք, որ Սյունիքի մարզում «Ուսանողական ամառ - 2018» փառատոն կազմակերպել են նաեւ քաջարանցի ուսանողները: