Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՍՅՈՒՆԻՔ. նոր մշակութային քաղաքականության նպատակը մշակույթի ապակենտրոնացումն է…

23.08.2018

Երկօրյա այցով Սյունիքում էր ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը: Օգոստոսի 22-ին նա հանդիպեց Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի հետ: Մարզի ղեկավարը նախ հետաքրքրվեց, թե ինչ փուլում են «Գորիսը՝ 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի միջոցառումները, եւ դրա շրջանակներում  առաջիկայում ինչ է նախատեսվում: Կ.Համբարձումյանը նաեւ հիշեցրեց մարզպետարանի պատրաստակամությունը՝ աջակցելու ծրագրի բնականոն  ընթացքին:
Կողմերը քննարկեցին մարզում  մշակութային ոլորտին առնչվող հիմնախնդիրներ ու բնագավառի զարգացմանը միտված գաղափարներ: Տիկին Ղարիբյանը տեղեկացրեց, որ նախարարության նոր քաղաքականության իրականացման եւ մարզերին առավել ուշադրություն դարձնելու համար նախ ցանկանում են տեղերից ծրագրային առաջարկներ ստանալ:
Կապանի մշակույթի կենտրոնում փոխնախարարը հանդիպում ունեցավ Կապանի, Քաջարանի երաժշտական եւ արվեստի դպրոցների    տնօրենների ու մանկավարժների հետ:
Նա հայտարարեց, որ նախարարությունն իր աշխատանքային  նոր  ուղղությունների մեջ առաջնային է համարում մշակույթի ապակենտրոնացումը եւ մշակույթը մարզեր բերելը, բայց դա  նշանակում է, որ մարզերում պետք է ինքնակազմակերպվեն, լինեն ինքնուրույն, կախված չլինեն մայրաքաղաքից, ու այդ ամենում ամենակարեւորը մշակութային կրթությունն է. դրա համար էլ ինքը նախաձեռնել է նման հանդիպումների շարք մարզերում:
Տիկին Ղարիբյանը ծանոթացավ Կապանի մշակութային կրթօջախների գործունեությանը, գրանցած հաջողություններին եւ լսեց ունեցած  խնդիրների մասին: Իսկ դրանք հիմնականում վերաբերում էին երաժշտական գործիքների ու արվեստի տարբեր ճյուղեր դասավանդելիս անհրաժեշտ պարագաների, նյութերի, սարքերի բացակայությանը,  այս  ուսումնական  հաստատություններում դասավանդողների կարգավիճակին, որը հավասարեցված չէ հանրակրթական դպրոցների մանկավարժներին (հետեւապես իրենք չեն օգտվում սոցփաթեթից եւ արձակուրդի հավելյալ   օրերից), շենքային պայմաններին եւ այլն:
Գրանցելով ու խոստանալով ուսումնասիրել բոլոր բարձրացված հարցերը՝ փոխնախարարը նշեց, որ ՀՀ ԿԳ նախարարությանն են դիմել առաջարկով, ու եթե այն ընդունվի, արտադպրոցական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կարգավիճակը կհավասարեցվի հանրակրթական դպրոցների ուսուցիչներին, եւ կօգտվեն նույն պայմաններից: Նախարարությունը նաեւ ունի  ծրագրեր,  որոնցից կարող են օգտվել կրթօջախները՝ մրցութային կարգով  երաժշտական գործիքներ ձեռքբերելու համար, եթե ունեն նորաբաց բաժին կամ շնորհալի աշակերտներ: Քննարկվեց նաեւ, թե ինչ նոր բաժիններ կամ ուղղվածություն  կարող են ունենալ  այս դպրոցները՝  ժամանակին համահունչ քայլելու եւ նոր սերնդի պահանջները բավարարելու համար:
Այցի հաջորդ օրը Նազենի Ղարիբյանը եղավ Կապանի ժամանակակից  արվեստի թանգարանում, որը մասնաճյուղից ինքնուրույն կառույցի  վերափոխվելու խնդիր ունի, Կապանի արվեստի պետական  քոլեջում, որտեղ առաջնային է երգեհոնային դահլիճի ու երգեհոնի նորոգման հարցը եւ Կապանի թիվ 2 երաժշտական ու Կապանի գեղարվեստի դպրոցներում, որոնք գործում են նույն շենքում. այստեղ այժմ փոխվում են  դռներն ու պատուհանները, նորոգվում՝ տանիքը, բայց շենքն ունի հիմնանորոգման, ջեռուցման, կրթօջախները՝ ուսումնական գույքով ապահովման խնդիր:  
Փոխնախարարը ճանաչողական այցեր  եւ նմանատիպ հանդիպումներ է ունեցել նաեւ Գորիսում, Մեղրիում, Սիսիանում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 17:38:02