Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱՅԱՑԱՎ ՄԱՐԶԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

26.08.2018

Օգոստոսի 25-ին Սյունիքի մարզ էր  այցելել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, եւ նրա մասնակցությամբ  մարզպետարանում կայացավ   մարզի մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունը, որն իր ձեւաչափով տարբերվում էր նախկիններից: Ներկա էր նաեւ աշխատանքային այցով Սյունիքում գտնվող  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Գալիք ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ներկաներին շնորհավորեց Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը՝  մաղթելով արդյունավետ ու նվիրված աշխատանք, ուսումնական եւ  աշխատանքային ձեռքբերումներ՝ ի շահ մարզում կիրթ ու դաստիարակված վստահելի վաղվա սերունդ ունենալու գործի:
Մարզի ղեկավարը նաեւ հորդորեց՝ կրթօջախներում հեռու մնալ անթույլատրելի երեւույթներից ու բարքերից՝ նշելով, որ ինքը լինելու է հետեւողական եւ ուշադիր՝ կրթական համակարգում բացասական երեւույթների կանխման ու բացառման հարցում:
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձավ կրթական  ոլորտում ներկայումս ընթացող գործընթացներին, օրենսդրական փոփոխությունների նախաձեռնություններին, որոշ հարցերում  նախարարության որդեգրած նոր քաղաքականությանը   եւ առաջիկա անելիքներին, պատասխանեց մանկավարժներին հուզող հարցերին:
Նախարարի հնչեցրած առաջին դրույթը հետեւյալն էր՝ դպրոցը պետք է  լինի լիովին ապաքաղաքական,  որեւէ  քաղաքական ուժ այլեւս չի ազդում  եւ չի ազդելու դպրոցի գործընթացների վրա:  «Այս տարի փոփոխություններ չենք  արել առարկաների չափորոշիչներում,  դասագրքերում, որովհետեւ մինչ նոր ուսումնական տարին ժամանակահատավածը կարճ էր, դրանք կլինեն  հաջորդ ուսումնական տարվանից», - հայտարարեց Ա.Հարությունյանը:  Փոխոխություններ են սպասվում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում, սպասվում են նաեւ տնօրենների ընտրության, ուսուցիչների մրցույթների, դասարանների կազմավորման կարգի հետ կապված փոփոխություններ:  
Խոսվեց ներառական կրթության մասին. այս հարցում Սյունիքն ամենամեծ  առաջընթաց արձանագրած մարզերից է՝ աշակերտների ընդգրկվածության առումով:
Նախարարը կրկին խոսեց դպրոցական միասնական հագուստի (դպրոցներն իրենք պիտի որոշեն այդ հարցը՝ ծնողական  խորհուրդների միջոցով, բայց որեւէ աշակերտի ստիպելու իրավունք չունեն), ինչպես նաեւ դրամահավաքության, բոլոր դպրոցականների համար  նախատեսվող ավարտական միասնական քննությունների մասին:
Եվս մեկ նորություն՝ հաջորդ ուսումնական տարվանից առաջին դասարանցիների ընդունելությունը կկատարվի էլեկտրոնային կարգով:
Ուսուցիչների հարցերը բազմազան էին, մասնավորապես վերաբերում էին  աշխատավարձերի՝ տարբեր մարզերում ոչ հավասար չափերին, գյուղական փոքր դպրոցներում ոչ լիարժեք  դրույքաչափերին, երթեւեկող մանկավարժների տրանսպորտային ծախսերի անբավարար փոխհատուցմանը եւ այլն: Ա.Հարությունյանը պատասխանեց, որ  ֆինանսավորման նոր մեխանիզմ են մշակում, որը միգուցե լիովին չի բավարարի բոլորին, բայց հաշվարկի նոր ձեւը որոշ չափով կլուծի այդ խնդիրները:  
Փոքր գյուղերում փակման վտանգի առջեւ կանգնած դպրոցների առնչությամբ փաստեց, որ նախարարության օրակարգում այժմ որեւէ դպրոցի փակում չկա, իսկ որպես ելք  փոքր գյուղերում նախատեսում են նոր կրթամշակութային հիմնարկների ստեղծում, որոնք կմիավորեն  մանկապարտեզը, դպրոցն ու մշակույթի կենտրոնը: Նախատեսվում է նաեւ այն տարածքներում, որտեղ մարզական կրթօջախները չունեն բարեկարգ մարզադահլիճներ կամ բավարար մարզագույք,  օգտագործել լավ պայմաններով մարզադահլիճներ ունեցող հանրակրթական դպրոցների հնարավորությունները՝ տեղերում երեխաների սպորտային կրթությունն ապահովելու համար:
Ի վերջո, ըստ ՀՀ ԿԳ նախարարի, կատարվող բարեփոխումների եւ նախարարության աշխատանքի նոր ուղղվածության նպատակը մեկն է՝ դպրոցից պետք է դուրս գա ոչ թե անգիր անող,  այլ վերլուծող երիտասարդ:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47