Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ԿԱՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
02.09.2018

Սիրելի՛ հայրենակիցներ
Հպարտորեն շնորհավորում եմ բոլորիս՝ Արցախի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ, որը նշվում է այսօր. անկախություն, որն ազատ արցախցիները հռչակեցին 27 տարի առաջ, տոն, որը համայն հայության միասնականության եւ հաղթական ոգու ապացույցն է ու խորհրդանիշը: Այն ամրագրվեց նաեւ արցախահայության հանրաքվեով, իսկ հետագա դժվարին ժամանակահատվածում նվաճվեց համազգային հերոսական պայքարով:
Անվտանգ, ինքնիշխան Արցախ ունենալու իրավունքը ձեռք բերվեց բազում սյունեցիների մասնակցությամբ եւս, նրանցից շատերի արյան գնով. Արցախի սահմանների անառիկությունից է կախված նաեւ Սյունիքի անվտանգությունը...
Այս տոնին՝ մեր հարգանքը բոլոր նրանց, ովքեր պայքարեցին ներկա խաղաղության համար, մեր խոնարհումը՝ այն հայորդիների անմար հիշատակի առջեւ, ովքեր ընկան անկախության կերտման ճանապարհին:
Բոլոր սյունեցիների անունից կրկին շնորհավորելով ձեզ, սիրելի՛ արցախցիներ, շենացում, հզորացում, բարօրություն, խաղաղ երկինք եմ մաղթում Արցախի Հանրապետությանը, ամրություն ու հարատեւություն՝ Հայաստան-Արցախ–Սփյուռք միասնությանը: