Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԳՆԱՀԱՏՎԵՑԻՆ ՄԱՐԶԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ
06.09.2018

Սեպտեմբերի 6-ին Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը Կապանում մասնակցեց ՀՀ արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան (նշվում է սեպտեմբերի 4-ին) նվիրված միջոցառմանը, որը կազմակերպել էր Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը:
Կարեն Համբարձումյանը շնորհավորեց մարզի փրկարարներին մասնագիտական տոնի առիթով՝ նշելով, որ նրանք կարեւոր դերակատարում ունեն մարզի բնականոն ընթացքի ապահովման գործում: Նա հավելեց, որ Սյունիքում կա բարձր պրոֆեսիոնալիզմի չափանիշներին համապատասխանող փրկարար ծառայություն: Իհարկե, ոլորտում կան նաեւ խնդիրներ՝ հատկապես ժամանակակից տեխնիկայով ծառայությունը վերազինելու հարցում, որի ուղղությամբ մարզպետարանն ու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը համապատասխան աշխատանքներ են տանում:
Մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանը եւս ողջունեց փրկարարներին՝ անձնակազմին մաղթելով հաջողություններ երկրի համար կարեւոր ծառայության մեջ ու նրանց փոխանցեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի եւ Փրկարար ծառայության տնօրենի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:
Մասնագիտական տոնի կապակցությամբ եւ բարեխիղճ ծառայության համար փրկարար ծառայության վեց աշխատակից Սյունիքի մարզպետից շնորհակալագիր ստացավ: Անձնակազմի չորս անդամի հանձնվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գերատեսչական մեդալ, մի քանի հոգու՝ նախարարի պատվոգիր:
Տոնական միջոցառման մասնակիցները նաեւ շրջայց կատարեցին շարահրապարակում եւ ծանոթացան ցուցադրված հատուկ տեխնիկական միջոցներին ու սարքավորումներին, հրշեջ մեքենաներին:
Հյուրերն այցելեցին մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կենտրոն եւս, ծանոթացան կենտրոնի աշխատանքներին, հնարավորություններին եւ խնդիրներին: