Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

14.09.2018

Սեպտեմբերի 14-ին Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանն ընդունել է աշխատանքային այցով Սյունիքում գտնվող ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին: 

Նախարարի հետ Սյունիք են այցելել նաեւ գերմանական KfW բանկի ներկայացուցիչները, եւ հիմնական նպատակն է ծանոթանալ այս բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի ընթացքին, արդյունքներին, հետագա անելիքներին. ծրագրի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվում Սյունիքի մարզի պահպանվող տարածքներին հարակից բնակավայրերին՝ տարբեր նախաձեռնությունների ու դրամաշնորհների միջոցով՝ բնությանը հասցվող վնասները նվազագույնի հասցնելու համար, նաեւ կենսաբազմազանության պահպանության վրա ուղղակի ազդեցություն ունեցող՝ մարզի պետական կառույցներին:
Մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին նաեւ տվյալ ծրագրի, «Հայանտառի», Զանգեզուր կենսոլորտային համալիրի, ներկայացուցիչները, Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, Մեղրի համայնքի ղեկավարը, ներկայացվեց ծրագիրը՝ եւս մեկ անգամ շեշտելով, որ այն բնապահպանականից զատ ունի նաեւ սոցիալական, տնտեսական բաղադրիչներ: 
Կարեն Համբարձումյանը, ողջունելով հյուրերի այցը Սյունիք, կարեւորեց այս ծրագրի իրականացումը՝ նշելով, որ մարզպետարանը պատրաստ է ամեն կերպ աջակցել դրա արդյունավետ իրականացմանը: 
Էրիկ Գրիգորյանը Կապանի կենտրոնական հրապարակում պաշտոնապես հասցեատերերին հանձնեց նաեւ այն մեքենաները, որոնք (ՊՏԱԾ-Հ) ծրագրի կողմից հատկացվել են «Հայանտառի» Կապանի մասնաճյուղին եւ Զանգեզուր կենսոլորտային համալիրին: 
Մարզպետը, նախարարն ու նրանց ուղեկցողները եղան նաեւ այն շենքում, որտեղ նախատեսվում է նորոգումից հետո միասին տեղակայել ՀՀ ԲՆ տեղական կառույցների գրասենյակները՝ «Հայանտառի» մասնաճյուղը, կենսլորտային համալիրը, պահպանվող տարածքների ծրագիրը, Հարավային ջրավազանային տարածքային կառավարման բաժինը:
Այցելություն եղավ նաեւ «Հայանտառի» մասնաճյուղ, իսկ Զանգեզուր կենսոլորտային համալիրի գրասենյակում տեղի ունեցավ քննարկում՝ մարզպետի, նախարարի, վերոնշյալ ստորաբաժանումների աշխատակիցների մասնակցությամբ: 
Նախարարը տարածքների պահպանության գործին առնչվող հարցեր ուղղեց կառույցի աշխատակիցներին՝ իր հերթին լսելով նրանց բարձրաձայնած խնդիրների մասին: 
Մարզպետը Էրիկ Գրիգորյանին ներկայացրեց հատապես այս սեզոնում՝ ձմեռվանից առաջ, գյուղական բնակավայրերում հանդիպող ամենացավոտ՝ վառելափայտի հարցը. բնակիչը հատում չի կարող անել, հատկացված չափով թափուկը կամ չկա, կամ չի հերիքում, որոշ տեղերում, եթե տրամադրվում է վառելափայտ, կրկին քիչ է, իսկ գյուղերում գրեթե կլոր տարին փայտ են վառում... Կ.Համբարձումյանը նշեց, որ հարցն առանձին ու առավել մանրամասնորեն քննարկման կարիք ունի: 
ՀՀ բնապահպանության նախարարն ու Սյունիքի մարզպետը մարզպետարանի նիստերի դահլիճում հանդիպում ունեցան նաեւ բնապահպանական խնդիրներով մտահոգ ՀԿ ներկայացուցիչների ու քաղաքացիների հետ՝ պատասխանելով նրանց հուզող հարցերին: 
Վաղը Շիկահողի արգելոցում մարզպետն ու նախարարը կմասնակցեն «Մաքուր մոլորակ» միջոցառմանը: 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02