Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱխԱՐԱՐԻ ՀԵՏ

28.09.2018

Այսօր Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը մարզպետարանում ընդունեց աշխատանքային այցով Սյունիքում գտնվող ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանին. նա, ի դեպ, իր մարզային այցերն սկսել է հենց Սյունիքից: 

Մարզպետարանում զրույցից հետո հանդիպում էր կազմակերպվել Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում, որին մասնակցում էին մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններ, ֆիզկուլտուրայի ուսուցիչներ, մարզադպրոցների ղեկավարներ ու մարզիչներ, ոլորտի մասնագետներ: 
Մարզպետ Կարեն Համբարձումյանը, ողջունելով ներկաներին, նախարարին ներկայացրեց մարզում սպորտի բնագավառում առկա խնդիրները՝ մարզադահլիճների եւ մարզադպրոցների նորոգում, մարզագույքի սակավություն, մասնագետների բացակայության պայմաններում տեղերում արագ վերապատրաստումների ու որակավորման կազմակերպման կարիք եւ այլն:
Իր հերթին Լեւոն Վահրադյանը խոսեց նախարարության որդեգրած քաղաքականության, ծրագրած անելիքների, մարզերում իրականացվող սպորտային մի շարք ծրագրերի մասին եւ լսեց ու պատասխանեց ներկաների հարցերին: 
Մարզիչները, դպրոցների տնօրեններն ու ֆիզկուլտուրայի ուսուցիչները մի շարք խնդիրներ ներկայացրեցին՝ մարզագույք, մարզվելու ոչ բավարար պայմաններ, հանրապետական մրցաշարերի ապակենտրոնացում դեպի մարզեր, մրցումների մեկնողների գործուղումների վճարի 20 տարուց ավելի չփոփոխված հաշվարկի ձեւ, արտադասարանական խմբակների պասիվություն, գյուղերում մարզիչների եւ մարզահրապարակների բացակայություն եւ այլն… 
Նախարարն ամենացավոտ ու հաճախ հնչող՝ մարզագույքի մասին հարցին ի պատասխան նշեց, որ 2016 թվականից ի վեր` արդեն 3 տարի է կառավարությունը նախարարությանը դրա համար հատկացումներ չի արել, ներկայումս 2019-ի պետբյուջեի քննարկումն է ընթանում, եւ հույս ունեն, որ այս տարի իրավիճակը կշտկվի:
Մարզպետ Կարեն Համբարձումյանը անդրադարձավ նաեւ մարզի կրթօջախներում ֆիզկուլտուրա առարկայի դասավանդման պատկերին՝ նկատելով, որ ոչ բոլոր դպրոցներում է այն պատշաճորեն դասավանդվում եւ հորդորեց տնօրեններին՝ հետեողական լինել այս հարցում:
Այնուհետեւ նախարարն ու մարզի ղեկավարը Կապանում աթլետիկական մարզումների մանեժի համար տեղանք դիտարկեցին, ինչպես նաեւ այցելեցին Կապանի բժշկական քոլեջ՝ ծանոթանալու այնտեղի մարզադահլիճի պայմաններին: 
Իսկ նախորդ օրը Լեւոն Վահրադյանն ու Կ.Համբարձումյանը Կապանի Դ.Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում հանդիպել էին մասսայական սպորտով զբաղվող եւ ակտիվ կենսակերպին հետեւող կապանցի մի խումբ երիտասարդների հետ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53