Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳՈՐԻՍՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ Է ԸՆԹԱՆՈՒՄ

02.10.2018

Հոկտեմբերի 2-ին  Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը Գորիսում մասնակցեց «Դեֆորմացվող միջավայրերի փոխազդեցության դինամիկայի պրոբլեմները» խորագրով 9-րդ միջազգային գիտաժողովի մեկնարկի արարողությանը: Այն նվիրված է ՀՀ ԳԱԱ հիմնադրման 75-ամյակին, եւ կազմակերպել են ՀՀ  կրթության ու գիտության նախարարությունը, ՀՀ տեսական եւ կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեն, ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտը, ՌԴԳԱԱ Ա.Յու. Իշլինսկու անվան մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտը, Գորիսի պետական համալսարանը, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Արցախի պետական եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանները: Գիտաժողովին մասնակցելու համար Գորիս են ժամանել գիտնականներ Ռուսաստանից, Ֆինլանդիայից, Բելառուսից եւ Ուկրաինայից:
Ներկաներին ողջունելով՝ մարզպետ Կարեն Համբարձումյանը  շնորհակալություն հայտնեց նախաձեռնողներին ու կազմակերպիչներին՝ մասնավորապես Գորիսի պետական համալասարանի ղեկավարությանը: Նա կարեւորեց նման մակարդակի գիտաժողովների կազմակերպումը հեռավոր մարզերում ու գովելի եւ ուսանելի համարեց  այս համագործակցությունը,  երբ այսքան  հաստատությունների համագործակցությամբ եւ համատեղ ջանքերով կազմակերպվում է նման գիտաժողով՝ միավորելով բոլորի  ներուժը:
«Սյունիքը դեռեւս հին ժամանակներից, դեռեւս դարեր առաջ եղել է լուրջ գիտակրթական կենտրոն, մեծ մտածողներ են ապրել ու արարել Սյունիքում ու այստեղից  գիտության լույսը տարածել Հայոց աշխարհում: Ուստի, այստեղ կա փորձ, կան ավանդույթներ, կա մտավոր մեծ ներուժ՝ այդ ամենը շարունակելու համար: Եվ հուսով ենք՝ նման նախաձեռնությունները  շարունակական  կլինեն», - նշեց մարզպետը` մասնակիցներին մաղթելով արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք, նոր մտահղացումներ ու գիտակրթական ձեռքբերումներ:
Գիտաժողովի բացմանը խոսք ասացին նաեւ ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի տնօրեն, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Հակոբյանը, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ,  ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական եւ տեխնիկական գիտությունների բաժանմունքի վարիչ Լենսեր Աղալովյանը, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի բաժնի վարիչ Արա Ավետիսյանը։
ԳՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության անունից գիտաժողովի մասնակիցներին ողջունեց գիտաժողովի կազմկոմիտեի համանախագահ, ԳՊՀ ռեկտոր, ֆիզմաթ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանը: Վերջում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին մեծանուն հայորդի Շառլ Ազնավուրի հիշատակը։
Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն հոկտեմբերի 3-5-ը` «Գորիս» հյուրանոցի նիստերի սրահում եւ Գորիսի պետական համալսարանում: Դրա ընթացքում հայ եւ արտասահմանցի գիտնականները կներկայացնեն լիագումար եւ բաժանմունքային 47 զեկուցումներ, ինչպես նաեւ 32 ստենդային զեկուցումներ` նվիրված մեխանիկայի արդի խնդիրներին, զարգացման միտումներին ու հեռանկարներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 10:46:30