Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՄԱՐԶԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
26.10.2018

Հոկտեմբերի 26-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հանդիպում ունեցավ մարզում ճանապարհների շինարարություն եւ շահագործում իրականացնող ընկերությունների ղեկավարների ու պատասխանատուների հետ:
Հանդիպումն ուներ առաջին հերթին ճանաչողական բնույթ, ինչպես նաեւ առաջիկա ձմեռացման խնդիրները քննարկելու նպատակ:
Ներկաները տեղեկացրեցին իրենց սպասարկած ճանապարհային հատվածների, դրանց վիճակի, աշխատանքի ծավալների մասին:
Մարզպետը նաեւ հետաքրքրվեց, թե ընկերությունները անհրաժեշտ ինչ տեխնիկական միջոցներ ու մասնագետներ ունեն: Պարզվեց, որ ճանշինները տեխնիկայի պակասից չեն բողոքում, իսկ կադրային խնդիրներ ունեն. անգամ կա տեխնիկա, որն աշխատեցնող մասնագետ չունեն:
Քանի որ առջեւում ձմեռն է, եւ Սյունիքի մարզով է անցնում Հայաստանի համար կենսական՝ Արցախի հետ կապող մայրուղին, Հունան Պողոսյանը ուշադրություն հրավիրեց հատկապես ձմռան ամիսներին ճանապարհների անցանելիությունը ապահովելու վրա, հարցրեց դրա հետ կապված խնդիրների, կուտակած աղ ու ավազի պաշարների մասին:
Խոսվեց նաեւ այս ընկերությունների՝ համայնքապետարանների, փրկարար ծառայության եւ այլ կառույցների հետ համագործակցության մասին:
Ճանապարհաշինարարները տեղեկություններ հաղորդեցին վերջին ժամանակներում մարզում իրականացված ճանապարհների նորոգումների եւ առավել վատ վիճակում գտնվող հատվածների մասին:
Մարզպետը հորդորեց շինարարական եւ նորոգման աշխատանքների ընթացքում հետեւում թողնել նախկինում ընդունված ինչ-ինչ արատավոր երեւույթներ եւ անպայման լավագույն որակ ապահովել: