Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔԻ ԹԻՄԸ՝ 2-ՐԴ ՊԱՏՎԱՎՈՐ ՏԵՂՈՒՄ
31.10.2018

Իջեւանում կայացել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող նախազորակոչային եւ զորակոչային տարիքի երիտասարդների հանրապետական ռազմամարզական խաղերի 2018 թվականի եզրափակիչ փուլը:
Եզրափակիչ փուլի մրցումներին ներկա են եղել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, նախարարի պաշտոնակատարի տեղակալ Սարգիս Ավագյանը, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Գաբրիել Բալայանը, հանրապետական զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչներ եւ այլ պաշտոնատար հյուրեր: Նախազորակոչային եւ զորակոչային տարիքի հանրակրթական դպրոցների ավելի քան 100 աշակերտներ ուժերն են չափել նռնակի նետում (ուսումնական), 8-կիլոգրամանոց ուսապարկով եւ պատգարակով փոխանցավազք (4 x 50 մ), ձգումներ պտտաձողից, կրոսավազք (1000 մ), հրաձգություն եւ ինքնաձիգի քանդում-հավաքում մրցաձեւերում:
Ինքնաձիգով հրաձգություն վարժությունում հաղթող է դարձել Սյունիքի մարզից Մհեր Շահնազարյանը: Ընդհանուր թիմային հաշվարկով 1-ին տեղն է գրավել Տավուշի մարզը, իսկ 2-րդ եւ 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերը:
Հաղթողները պարգեւատրվել են մեդալներով, գավաթներով, հուշանվերներով եւ պատվոգրերով, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներն արժանացել են շնորհակալագրերի եւ հավաստագրերի:
ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ