Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԾԱՆՈԹԱՑՈՒՄ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏԻՆ
14.11.2018

Նոյեմբերի 13-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց մարզի սոցիալական աջակցության տարածքային չորս գործակալությունների ղեկավարների մասնակցությամբ:
Հանդիպման հիմնական նպատակը ոլորտի մարզային պատասխանատուներին ծանոթանալն էր:
Մարզի ղեկավարը նշեց, որ ներկաները գործ ունեն կոռուպցիոն երեւույթների առումով ամենառիսկային ոլորտներից մեկի հետ եւ կոչ արեց այսուհետ իրենց աշխատանքում զերծ մնալ բոլոր արատավոր դրսեւորումներից:
Հունան Պողոսյանը նաեւ հետաքրքրվեց վերջին ամիսներին գործակալություններում մարզպետարանի եւ իրավապահների կողմից իրականացված ստուգումների հետեւանքներով:
Գործակալությունների պետերը խոսեցին իրենց հուզող խնդիրների մասին, եւ բոլոր տեղերում շենքային պայմանների բարելավման, գույքի եւ տեխնիկական միջոցների ձեռքբերման կարիք կա:
Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Արամ Շահնազարյանը տեղեկացրեց, որ նախատեսվող բարեփոխումների ծրագրով, որն իրականացվում է Համաշխարհային բանկի միջոցներով, 2019-2020 թվականներին այդ խնդիրները կլուծվեն: