Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳՈՐԻՍՈՒՄ ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԵԶՐԱՓԱԿՎԵՑԻՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

26.11.2018

Նոյեմբերի 23-ին տեղի ունեցան  «Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակու­թային մայրա­քաղաք» միջպետական ծրագ­րի փակման արարողության միջոցառումները, որոնց մասնակցեց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:
Ծրագրի փակման արարողությունն սկսվեց Վ.Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում «Գորիս՝ ավանդական ու ստեղծարար իմ քաղաք» խորագրով լուսանկարչական մրցույթ-ցուցահանդեսի բացմամբ եւ մրցանակների հանձնման արարողությամբ, ելույթ ունեցան Գորիսի երաժշտական դպրոցների սաները: Այս նույն վայրում գորիսեցիները ներկայացրին նաեւ իրենց ձեռագործ աշխատանքներն ու հյուրերին, մասնակիցներին հյուրասիրեցին Գորիսի ավանդական ուտեստներով:
Եզրափակիչ միջոցառումներին հաջորդեց ծրագրի պաշտոնական փակման արարողությունը, որին ներկա էին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը, ՀՀ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը: Պաշտոնական արարողությանը ներկա էին նաեւ ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իքսանովը, ԱՊՀ երկրների պաշտոնական պատվիրակություններ, մշակութային եւ ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներ:
Դիմելով հյուրերին եւ Գորիսի բնակիչներին՝ Լիլիթ Մակունցն իր ողջույնի խոսքում ասաց. «Վստահաբար մենք այսօր հրաժեշտ չենք տալիս մշակութային մայրաքաղաքին: Այս տարվա ընթացքում քաղաքը մեծ թվով արվեստագետներ, մշակույթի գործիչներ եւ արվեստասերներ հավաքեց իր շուրջը: Հուսով եմ, որ Գորիս համայնքի եւ, առհասարակ, Սյունիքի մարզի մեր հայրենակիցները հնարավորություն ունեցան լսելու դասական երաժշտություն, վայելելու ջազային հրավառություն, գնահատելու տարբեր ժողովուրդների թատերարվեստի հմտությունները, ձեռարվեստի գործերը, ազգային երաժշտությունը, ֆիլմերը Գորիսն իր հյուրընկալ դռները բացեց մշակութային բոլոր ծրագրերի առջեւ: Լիահույս ենք, որ քաղաքն, այսուհետ, նույնպես մշակույթով կշնչի եւ կզարգանա առավել ակտիվ»:
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյնաննը, նշելով, որ անցած ամիսներին ծրագրի շրջանակներում կազմակերպված ու անցկացված միջոցառումները, տարբեր նախաձեռնությունները մշակութային  ակտիվ ժամանց, նոր շունչ եւ աշխուժություն բերեցին ոչ միայն Գորիսին, այլեւ ողջ  Սյունիքին ու մեր հանրապետությանը, հավելեց, որ  սա հիանալի առիթ եւ միջոց էր առնչվելու  այլ մշակույթների եւ հյուրերին  ներկայացնելու մերը: «Հուլիս ամսից մինչ այժմ  Գորիսը հյուրընկալեց բազմաթիվ արվեստագետների, մտավորականների, հեղինակավոր մարդկանց: Արվեստի տարբեր ճյուղերին առնչվող  նախագծերն իրենց շուրջը  հավաքեցին մշակույթը սիրող եւ մշակույթ ստեղծող հանրությանը, համադրվեցին դասականն  ու ժամանակակիցը, ազգայինն ու համաշխարհայինը: Շնորհակալություն եմ հայտնում միջոցառումների կազմակերպիչներին՝ ՀՀ մշակույթի նախարարությանը, Գորիսի համայնքապետարանին, ԱՊՀ մեր գործընկերներին, բոլոր նրանց, ովքեր ջանք չխնայեցին ծրագրի մասնակիցներին եւ գորիսեցիներին անմոռանալի պահեր պարգեւելու համար», - ասաց Սյունիքի մարզպետը՝ բարի երթ  մաղթելով  ԱՊՀ մշակութային հաջորդ մայրաքաղաքին եւ հույս հայտնելով, որ Հայաստանում կրկին հնարավորություն կունենանք հյուընկալելու  այս գեղեցիկ միջպետական ծրագիրը:
Լիլիթ Մակունցը ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագրերով պարգեւատրեց բոլոր այն  գործընկեր կառույցներին եւ կազմակերպություններին, որոնց աջակցության շնորհիվ կյանքի կոչվեց այս կարեւոր ծրագիրը:
Անատոլի Իքսանովն իր խոսքում անդրադարձավ ծրագրի պաշտոնական բացման արարողությանը:
Այնուհետեւ տեղի ունեցավ «Գորիսը` 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ամփոփիչ ֆիլմի դիտումը եւ «Համագործակցության դեբյուտներ» 2018 թ. մրցանակաբաշխության արարողությունը: Փակման ծրագիրը նշանավորվեց ԱՊՀ երկրների էստրադային կատարողների համերգով:
Իսկ  «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» տիտղոսը 2019 թ. կփոխանցվի Բելառուսի Բրեստ քաղաքին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47