Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԼԵՀԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԻ ԴՊՐՈՑԻՆ
26.11.2018

Նոյեմբերի 22-ին Սյունիքի մարզի Տեղի թիվ 2 միջնակարգ դպրոց էր այցելել ՀՀ-ում Լեհաստանի փոխդեսպան Մարեկ Ռեշուտան՝ տիկնոջ հետ: Դպրոցում կայացած հանդիպմանը ներկա էր նաեւ Սյունիքի մարզպետի տեղակալ Գոռ Թադեւոսյանը:
Այցի առիթը ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան աջակցությամբ իրականացված՝ դպրոցի տարրական կրթության մասնաշենքի տանիքի նորոգման աշխատանքների ավարտն էր, որի համար 3,5 մլն դրամ է ծախսվել:
Հիշեցնենք, որ մինչ այս ներդրումը՝ 2017-ին դեսպանատունը հիմնանորոգել, կահավորել եւ սպասքով ապահովել էր դպրոցի ճաշարանը, եւ հնարավոր էր դարձել 60 աշակերտի միաժամանակ ապահովել տաք սննդով (ծրագրի արժեքը` 8 000 եվրո): 2016 թվականին էլ վերանորոգել եւ կահավորել էր դպրոցի սանհանգույցը:
Հյուրերը շրջեցին դպրոցում եւ ծանոթացան կատարված աշխատանքներին:
Իսկ դպրոցի աշակերտները նրանց համար հայ-լեհական բարեկամությանը նվիրված եւ երկու մշակույթները ներկայացնող միջոցառում էին պատրաստել:
Գոռ Թադեւոսյանը Մարեկ Ռեշուտայի հետ զրուցեց նաեւ հայ-լեհական ներկա հարաբերությունների եւ ապագա ներդրումների մասին ու քննարկեց Սյունիքի մարզպետարանի եւ ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան միջեւ համագործակցության խորացման հնարավորությունները:
Իսկ Տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցում առաջիկայում լեհական աջակցությամբ 4-րդ ծրագիրը կիրականացվի: