Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՄԵՐԻԿԱՑԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԿՎԵՐԱՊԱՏՐԱՍՏԵՆ ՄԱՐԶԻ ՀՐՇԵՋՆԵՐԻՆ

27.02.2019

Փետրվարի 26-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչներին՝ Կանզասի ազգային գվարդիայի ցամաքային ուժերի մայոր, Երկկողմանի համագործակցության սպա Չադ Մուրրոյին եւ ռազմական ծրագրերի համակարգող Անի Մելքումյանին:

Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Բագրատ Զաքարյանը:

Հանդիպման նպատակն էր ներկայացնել գրասենյակի կողմից այս ամռանը Սյունիքում նախատեսվող միջոցառումը. արդեն երրորդ տարին է՝ Կանզասի ազգային գվարդիան, ՀՀ ԱԻ նախարարության հետ համագործակցելով, հրշեջ-փրկարարական ջոկատների համար անց է կացնում դասընթացներ: Նախորդ տարիներին դրանք կայացել են Լոռու եւ Շիրակի մարզերում, այս տարի կկազմակերպվեն մեր մարզի հրշեջ- փրկարարների համար:

Մարզի բոլոր տարածաշրջաններում գործող հրշեջները կբաժանվեն 2 թիմի, եւ դասընթացները կկազմակերպվեն Կապանում ու Գորիսում: Նախատեսվում է, որ ամերիկյան կողմից մոտ 30 հոգի կներգրավվի մեր հրշեջներին վերապատրաստող այս դասընթացներում:

Ներկա այցի շրջանակներում հյուրերը այցելում են նաեւ մարզի բոլոր հրշեջ-փրկարարական ջոկատներ՝ նախնական ուսումնասիրությունների, կարիքների գնահատման եւ յուրաքանչյուրի առանձնահատկություններին ծանոթանալու համար՝ դասընթացների վերջնական ծրագիրը կազմելու նպատակով:

Միջոցառմանը կմասնակցեն նաեւ համայնքների հրշեջ կամավորները: Նարեկ Բաբայանը շնորհակալություն հայտնեց այս ծրագրում Սյունիքն ընդգրկելու համար, որի մասին մարզային իշխանություններն արդեն տեղյակ են եւ քննարկել են: Նա Չադ Մուրրոյին շնորհակալություն հայտնեց նաեւ այցի եւ ամռանը նախատեսվող միջացոռումներն անձամբ ներկայացնելու համար: Մարզպետի տեղակալը նշեց, որ պատրաստ են ամեն կերպ աջակցել ծրագրին, ինչպես նաեւ՝ յուրաքանչյուր նախաձեռնության, որն ուղղված է մարզի անվտանգությանը:

Բագրատ Զաքարյանը հյուրերի ուշադրությունը հրավիրեց Սյունիքի եւ այստեղ գրանցվող արտակարգ դեպքերի առանձնահատկությունների վրա՝ շեշտելով նաեւ, որ ամռանը ամենահրդեհավտանգ շրջանն է, եւ դասընթացների ժամանակ պետք է հաշվի առնել ջոկատների ծանրաբեռնվածությունը ու այնպես կազմակերպել, որ դրանք չխանգարեն հրդեհաշիջման աշխատանքներին:

Հանդիպման մասնակիցները քննարկեցին նաեւ կազմակերպական եւ աշխատանքային մի շարք հարցեր, հնչեցին առաջարկներ, որոնք կօգնեն առավել արդյունավետ դարձնելու ծրագիրը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:34:59