Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՈՒՆԻՍԻ 9-ԻՆ՝ ԳՈՐԱՅՔՈՒՄ ՏԻՄ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
04.04.2019
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում ընդունեց, ըստ որի, 2019 թվականի հունիսի 9-ին Սյունիքի մարզի Գորայք համայնքում համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների արտահերթ ընտրություններ կանցկացվեն:
Հիշեցնենք, որ Գորայք համայնքի ղեկավար Առուստամ Առուստամյանը 2019 թվականի մարտի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել:
Գորայք համայնքի ավագանու անդամներ Աշոտ Աղաջանյանը, Մուրադ Գասպարյանը, Մարտուն Թադեւոսյանը, Հրայր Թորոսյանը եւս 2019թ. մարտի 1-ին հրաժարականի դիմումներ էին ներկայացրել:
Այդ հանգամանքով պայմանավորված՝ անհնարին էր դարձել Գորայք համայնքի ավագանու նիստերի հետագա անցկացումը, քանի որ ավագանու անդամների թվաքանակը նվազել էր օրենքով սահմանված թվաքանակի կեսից ավելիի չափով՝ ավագանու 7 անդամից 4-ը ներկայացրել էին հրաժարական:
Այդ կապակցությամբ Գորայք համայնքի ավագանու մնացած անդամները ս.թ. մարտի 1-ին կազմել էին արձանագրություն՝ համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ: