Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼԵՀԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ
26.04.2019

Ապրիլի 26-ին մարզպետ Հունան Պողոսյանի հրավերով Սյունիքում է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակը:
Մարզպետարանում պաշտոնյաները ճանաչողական հանդիպում են ունեցել՝ նախ ծանոթանալով եւ հակիրճ ներկայանալով միմյանց՝ պատմելով իրենց մասնագիտության, անցած աշխատանքային ուղու մասին:
Դեսպանը շնորհակալություն հայտնեց հրավերի համար եւ Հունան Պողոսյանին տեղեկացրեց առաջիկա անելիքների մասին, որոնք նախատեսում է դեսպանությունը՝ ընդգրկելով նաեւ մարզերը: Մասնավորապես աշնանը, Լեհաստանում տեղական ինքնակառավարման համակարգի փորձն ուսումնասիրելու համար ՀՀ-ից ՏԻՄ ներկայացուցիչներից կազմված պատվիրակության այց կկազմակերպեն իրենց երկիր, եւ կընդգրկեն նաեւ ներկայացուցիչներ Սյունիքից:
Հանդիպման մասնակիցները խոսեցին հայ-լեհական պատմական առնչությունների, Լեհաստանում հայ համայնքի, երկուստեք համագործակցության եւ դրա զարգացման հեռանկարների մասին:
Հունան Պողոսյանը շնորհակալություն հայտնեց լեհական կողմին՝ մեր մարզում մինչ այժմ իրականացրած ծրագրերի համար՝ առանձնացնելով Տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցում կատարված ներդրումները, որոնք շարունակվում են:
Օգտվելով առիթից՝ մարզպետը Պավել Չեպլակին հրավիրեց մասնակցելու մայիսի վերջին Սյունիքում կայանալիք բիզնես-ֆորումին:
Հ.Պողոսյանն ու Լեհաստանի դեսպանը քննարկեցին մի շարք այլ հարցեր, եւ հյուրը շեշտեց, որ բացի միջպետական համագործակցությունից, ցանկալի է նաեւ միջռեգիոնալ համագործակցության հիմքեր դնել՝ երկու երկրների մարզերի միջեւ:
Խոսք եղավ նաեւ զբոսաշրջության զարգացման մասին, եւ դեսպանը նշեց, որ այս առումով լեհերի հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ աճում է, իսկ Սյունիքը այդ ոլորտում մեծ ներուժ ունի: Այս համատեքստում Հունան Պողոսյանը նրան տեղեկացրեց Կապանի օդանավակայանի ներկայիս շինաշխատանքների եւ առաջկա վերագործարկման մասին: Պարոն Չեպլակին տեղեկությունը հետաքրքրեց եւ կայցելի նաեւ օդանավակայանի տարածք:
Դեսպանն ընդունեց վաղը Կապանում կայանալիք «Քաղաքացու օրվա» տոնակատարությանը մասնակցելու մարզպետի հրավերը, եւ առավոտյան կմիանա միջոցառումներին, իսկ օրվա վերջում Պավել Չեպլակը նախատեսում է այցելել Տաթեւ: