Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

10.06.2019

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ներկա է գտնվել հունիսի 10-ին Երեւանում անցկացվող հայ-իտալական առաջին գործարար համաժողովին, որին մասնակցելու հրավեր նա ստացել էր Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյից:

Համաժողովին ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իր խոսքում Սյունիքի մարզպետը վստահություն է հայտնել, որ նման ձեւաչափով անցկացվող քննարկումները լավ հարթակ են հարաբերությունների հետագա խորացման եւ փոխշահավետ համագործակցության համար: Այնուհետեւ Հունան Պողոսյանը համաժողովի մասնակիցներին է ներկայացրել Սյունիքի մարզի տնտեսության վերաբերյալ որոշակի տվյալներ եւ մարզում իրականացվող ու նախատեսվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը: «Սյունիքի մարզի տնտեսության ծավալը 2018 թվականին կազմել է 455 միլիարդ դրամ, ինչը 2017 թվականի համեմատ ավելին է 10.2 տոկոսով: Մարզի տնտեսության մեջ գերակշռում է արդյունաբերությունը, որի ծավալը կազմում է տնտեսության 66.2 տոկոսը: Իսկ արդյունաբերության ծավալի մոտ 86 տոկոսը լեռնահանքային արդյունաբերությունն է: Ներկայումս աշխատանքներ ենք իրականացնում ՏՏ ոլորտի, զբոսաշրջության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: Կապանի օդանավակայանի վերագործարկումը խոշոր ենթակառուցվածքային ծրագրերից մեկն է, եւ համարվում է համայնք-մասնավոր հատված համագործակցության ամենախոշոր նախագծերից մեկը Հայաստանում», - նշել է մարզպետը:

Նա նաեւ հավելել է, որ Հայաստանի եւ Սյունիքի համար կարեւոր ռազմավարական նշանակություն ունի «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը. միջանցքը հնարավորություն կտա բարելավել ճանապարհային կապը Հայաստանի երկու հարեւանների` Իրանի եւ Վրաստանի հետ` ապահովելով ելք դեպի միջազգային առեւտրային ուղիներ եւ շուկաներ ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ երկրների համար: Սյունիքի մարզի տարածքում նախատեսված է ծրագրի «Տրանշ 4. Սիսիան-Քաջարան» հատվածը, որի երկարությունը 60 կմ է եւ ամբողջությամբ անցնում նախկինում չշահագործվող տարածքներով: «Համեմատության համար նշեմ, որ ներկայումս Սիսիանից Քաջարան ճանապարհի երկարությունը 118 կմ է: Սիսիան-Քաջարան նախատեսվող նոր հատվածը ներառում է 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջ եւ 12.8 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունել: «Տրանշ 4. Սիսիան-Քաջարան» հատվածի նախահաշվային արժեքը կազմում է ավելի քան 1 միլիարդ դոլար: Ամփոփելով՝ կցանկանայի եւս մեկ անգամ կարեւորել նմանատիպ ֆորումների ժամանակ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի քննարկումների անհրաժեշտությունն ու կարեւորությունը եւ բոլորիս մաղթել արդյունավետ աշխատանք», - եզրափակել է մարզի ղեկավարը:

Նշենք, որ հայ-իտալական բիզնես ֆորումը նվիրված էր տրանսպորտի, էներգետիկայի, միջավայրի, շինարարության, խելացի քաղաքների եւ վերականգնման ոլորտների ենթակառուցվածքներին: Միջոցառումը կազմակերպել են ՀՀ վարչապետի աշխատակազմը, Հայաստանում Իտալիայի դեսպանությունը, ICE-ի (Իտալական Առեւտրի Գործակալության) Տեխնոլոգիաների, արդյունաբերության, էներգետիկայի եւ միջավայրի Մոսկվայի գրասենյակը, ինչպես նաեւ ANCE-ն (Իտալիայի Շինարարների ազգային ասոցիացիա), OICE-ն (Ինժեներիայի, ճարտարապետության, տեխնիկական-տնտեսական խորհրդատվական կազմակերպությունների ասոցիացիա), Anie-ն (էլեկտրական արտադրող ընկերությունների իտալական ասոցիացիա) եւ GdP Գրուպի Simest-ը:

Ֆորումին մասնակցել են նշված բնագավառների տեղական հաստատությունների, իտալական ասոցիացիաների եւ Simest-ի ներկայացուցիչներ, այն նպատակ ուներ իտալական ձեռնարկություններին ներկայացնելու Հայաստանի ենթակառուցվածքների բնագավառի առավել հետաքրքիր ծրագրերը եւ համագործակցության հնարավորություն ստեղծելու ենթակառուցվածքների եւ տրանսպորտի իտալական ընկերությունների համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53