Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍԻՍԻԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՍԱՀՅԱՆԱԿԱՆ ՊՈԵԶԻԱՅԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏՈՆԸ

20.07.2019

Հուլիսի 20-ին Սիսիանը գրական աշխարհի ուշադրության կենտրոնում էր, առաջին անգամ նշվեց Սահյանական պոեզիայի համահայկական մշակութային տոնը: Առաջինն էր, բայց ոչ՝ վերջինը, այսուհետև ամեն տար հուլիս ամսին ՍԱՀՅԱՆԱԿԱՆ ՕՐԵՐԸ կհամախմբեն սահյանասեր հասարակությանը, գրական աշխարհի հայաստանյան և սփյուռքի ներկայացուցիչներին: Մեծ բանաստեղծի մահվան ամիսը հիշատակի օրերի վերածելու գաղափարի ու նախաձեռնության հեղինակներն են Սահյանի որդին՝ Նաիրի Սահյանը, Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանը, «Սիսական» հայրենակցական միության նախագահ Ֆելիքս Պողոսյանը: Տոնի կայացմանն աջակցել է Սիսիանի համայքապետարանը և անձամբ համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: «Մենք և մեր Սահյանը» խորագրով հուշ ցերեկույթին, սահյանական պոեզիայի տոնին մասնակցելու էին եկել Նաիրի Սահյանը, համահայկական գրողների միության անդամներ՝ նախագահ Աբգար Ափինյանի գլխավորությամբ, գրականագետներ, Կալիֆորնիայի և Երևանի գրողների միության ներկայացուցիչներ: Ներկա էին նաև Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, տարբեր համայնքներից ժամանած ՏԻՄ աշխատակիցներ, պաշտոնատար անձինք: «Ամեն անգամ Սահյանի բնաստեղծություններն ընթերցելիս ակնածանք ես ապրում ու մտածում՝ մի՞թե մարդու միտքը կարող է հասնել այս աստիճանի կատարելության: Սահյանը տիեզերական մեծություն է, ամենահարուստ բառապաշարն ունենալու դեպքում անգամ անհնար է սպառիչ կերպով բնութագրել Սահյանին», - իր ելույթում ասաց Հունան Պողոսյանը: Ներկաներին ողջունեց Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը՝ հայտնելով իր հպարտությունն ու հուզմունքը. «Սահյանը եղել է մեր ընտանիքի լավ բարեկամը, հպարտ եմ, որ պատիվ եմ ունեցել ճանաչել ու շփվել վարպետի հետ: Շնորհակալություն եմ հայտնում ներկաներին և հատկապես սփյուռքից եկած հյուրերին: Սահյանին ոչ միայն նրա ծննդյան կամ մահվան օրերին ենք հիշում, այլ ամեն օր, նա միշտ մեզ հետ է»: Աբգար Ափինյանը շնորհակալություն հայտնեց մարզային և համայնքայն իշխանություններին՝ իրենց նախաձեռնությանը արձագանքելու, աջակցելու և կյանքի կոչելու համար, սփյուռքին՝ Սահյանական օրերին միանալու և առանձնապես Սիսիանի համայնքապետարանին՝ միջոցառումը հավուր պատշաճի կազմակերպելու համար. «Այս միջոցառումը պետք է դառնա Հայաստանի մշակութային կարևորագույն իրադարձություններից մեկը, այն կլինի ամենամյա և հետզհետե կդառնա համահայկական մշակութային երևույթ, որի մասին կխոսի աշխարհը»: Սահյանի որդին սահյանական համեստությամբ ուղղակի խորհուրդ տվեց Սահյան շատ կարդալ, հարստանալ նրա պոեզիան ընթերցելով. «Կյանքն ամեն օր մի բան է խլում մեզանից, ու երբ զգում ես, որ այլևս ուժ չունես, բացում մի երկու տող կարդում ու դառնում ես հսկա, սկսում ես ճախրել: Երբ գալիս կանգնում եմ այս հողի վրա, հասկանում եմ, թե հայրս ինչի էր ուզում ասել: Եթե նա այսօր այստեղ լիներ, կգար, ամաչելով կկանգներ ու կասեր՝ շատ լավ խոսեցինք բոլորս», - ասաց նա: Գրականագետ Դավիթ Գասպարյանը խոսեց Համո Սահյան մարդու, բանաստեղծի, հասարակական գործչի մարդկային արժեքների ու ստեղծագործական ձեռքբերումների մասին: Նրա դիտարկմամբ Համո Սահյանի ժառանգության հետ կապված դեռևս շատ անելիքներ կան, ժամանակն է մեկտեղել վարպետի մասին հուշերն ու գիրք դարձնել: Միջոցառմանը տոնական շունչ հաղորդեցին Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնի ժողովրդական գործիքների անսամբլի անզուգական կատարումերը, Սիսիանի երիտասարդական խմբի ազգագրական պարերի բեմադրությունները, Սիսիանի Էմմա Ասյանի անվան երաժշտական դպրոցի սան Մարիամ Պողոսյանի և «Նոր Ոսկեդար» մրցանակաբաշխության մրցանակակիրներ երգիչ Արթուր Խաչենցի և բանաստեղծուհի Սուսաննա Ղազարյանի ելույթները, Հրաչ Խալաթյանի ասմունքը: Սահանական պոեզիայի տոնի մասնակիցները, որպես ուխտ, այցելեցին նաև Սահյանի ծննդավայր՝ Լոր, եղան նրա տուն թանգարանում, մասնակցեցին այնտեղ կազմակերպված գրական ցերեկույթին և Լորի եկեղեցում վարպետի հիշատակին մատուցված հոգեհանգստյան պատարագին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47