Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱԶՆՎԱՄՈՐՈՒ ՓԱՌԱՏՈՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ 4000 ԱՅՑԵԼՈՒ Է ՈՒՆԵՑԵԼ

27.07.2019

Սիսիանում չորս տարի անընդմեջ «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից կազմակերպվում է «Հյուրասիրում են սյունեցիները» անփոփոխ խորագրով ազնվամորու փառատոնը: Այս տարի փառատոնը կայացավ հուլիսի 27-ին՝ Շաքի ջրվեժին հարակից տարածքում:

«Վորլդ Վիժն Հայաստան»-ի աջակցությամբ ազնվամորի արտադրող խմբերը ներկայացրեցին իրենց աճեցրած հյութեղ ազնվամորին եւ ազնվամորուց պատրաստված տարատեսակ անուշեղեն՝ լավաշա, մուրաբաներ, կոմպոտներ եւ այլն: Տաղավարներ էին հատկացվել նաեւ Սյունիքի բնակավայրերից եւ այլ մարզերից ժամանած անհատ ստեղծագործողներին եւ գյուղմթերք արտադրողներին:

Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի ուղեկցությամբ տաղավարներին մոտեցան եւ սյունյաց քաղցրահամ ազնվամորին համտեսեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը:

Հունան Պողոսյանը շնորհակալություն հայտնեց «Վորլդ Վիժն Հայաստան» ծրագրի Սյունիքի մարզի ներկայացուցիչներին եւ միջոցառման կազմակերպիչներին: Նրան ուրախացնում է այն փաստը, որ Սյունիքը դառնում է փառատոնների եւ մշակութային գեղեցիկ միջոցառումների հանգրվան:

Սիսիան համայնքի ղեկավարը մատնանշեց փառատոնի կարեւորագույն առաքելություններից մեկը. «Գաղտնիք չէ, որ գյուղացին դժվարությամբ է իրացնում իր արտադրանքը, ուստի բարձր եմ գնահատում փառատոնի դերը, քանի որ այն իրացման, ազնվամորու արժեշղթայի զարգացման համար ինքնատիպ հարթակ է ստեղծում», - ասաց Արթուր Սարգսյանը:

«Վորլդ Վիժն Հայաստան»-ի Սյունիքի մարզի ծրագրերի ղեկավար Լենա Կարապետյանը փառատոնը համարում է ստացված, նրա խոսքով օրգանական ազնվամորու արտադրությանն ուղղված աջակցման ծրագրերի շնորհիվ հատապտղի պահանջարկը եւ արտադրման ծավալները տարեցտարի մեծանում են: Նույն կարծիքին են նաեւ ազնվամորու մշակությամբ զբաղվող խմբերի ղեկավարներն ու անդամները:

Փառատոնի մասնակիցների համար ելույթ ունեցան Սիսիանի Էմմա Ասյանի անվան երաժշտական դպրոցի ժողովրդական գործիքների անսամբլը, Սիսիանի արվեստի դպրոցի եւ «Գրանդ» պարային համույթի սաները, մայրաքաղաքից եւ Կապանից հրավիրված երաժշտական, պարային խմբերը, երաժիշտները: Հյուրերին գրավեց հատկապես Սիսիանի «Որոտնա» նորաստեղծ ազգային երգ ու պարի խմբի ելույթը:

Փառատոնի այցելուների թիվն այս տարի հասավ գրեթե 4000-ի, միջոցառումն իսկապես տարեցտարի կատարելագործվում եւ դառնում է առավել մարդաշատ:

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Sisian-info-ի

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47