Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԽՈՇՈՐ ՀՐԴԵՀՆԵՐ ԿԱՊԱՆՈՒՄ․ ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

25.08.2019

Օգոստոսի 24-ին` ժամը 22։00-ին, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը մարզպետարանում հրավիրեց արտահերթ խորհրդակցություն, որի առիթը մարզում, հատկապես երեկ Կապանում առկա խոշոր հրդեհներն էին՝ բռնկված 3 վայրում՝ դեռ օգոստոսի 22-ից՝ Նորաշենիկ գյուղին հարակից տարածքում եւ օգոստոսի 24-ին՝ Չափնի եւ Կաղնուտ գյուղերի տարածքում։

Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի խորհրդական Գոռ Թադեւոսյանը, Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը, Երեւանից ժամանած՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Կարապետյանը, ԱԻՆ Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Բագրատ Զաքարյանը, Կապանում տեղակայված N զորամասի հրամանատար գնդապետ Գարեգին Պողոսյանը, «Հայանտառի» Կապանի մասնաճյուղի տնօրեն Սասուն Մանուկյանը, «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ի եւ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի լեռնափրկարար ջոկատների ղեկավարները։

Երեկ ողջ օրվա ընթացքում բոլոր նշված կառույցները, նաեւ «Զանգեզուր» կոնսոլորտային համալիրի ու Կապանի կոմունալ ծառայության, «Շտապօգնության» ծառայության աշխատակիցները, ոստիկանության աշխատակիցները, 100-ից ավելի զինվորականներ ու հրամանատարական կազմի անդամներ ՀՀ ԶՈՒ 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ժիրայր Պողոսյանի գլխավորությամբ ու տեղի բնակիչները հրդեհաշիջման աշխատանքներ էին կատարել, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տրամադրել էր երեք ջրցան «Բելազ» մակնիշի մեքենա, երեք ջրցան «Կամազներ», երեք բեռնիչ մեքենա ու երկու էվակուատոր, տեխնիկայով ու մարդկային ռեսուրսներով մասնակցել է նաեւ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն, ողջ օրը օջախների վայրերում էր Սյունիքի մարզպետը, ի վերջո, կանխվել էր հրդեհի մուտքը բնակելի տարածքներ, ու երեկոյան հաջողվել էր մեկուսացնել կրակը, գիշերային ժամերին հերթապահում էին «Հայանտառի» աշխատակիցները, սակայն բոլոր վայրերում կան կրակի օջախներ, ու սպասվում էր, որ օրը բացվելուն պես կրակը կրկին կակտիվանա, հետեւաբար անհրաժեշտ էր քննարկել ու կազմակերպել այսօրվա՝ օգոստոսի 25-ի անելիքները։ Հունան Պողոսյանը նախ շնորհակալություն հայտնեց բոլոր կառույցներին ու դրանց ղեկավարաներին, որոնք մասնակցում են այս աշխատանքներին։

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին այսօր վաղ առավոտից իրականացվող աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցեր, հստակեցվեց, թե համագործակցող բոլոր կառույցները միասին ինչ մարդկային, տեխնիկական, տրանսպորտային, ջրային ու գործիքային ռեսուրսներ ունեն ու ինչպես պետք է դրանք ադյունավետ տեղակայվեն տարբեր կետերում։

Այսօր ժամը 6։30-ից արդեն, ըստ կազմակերպված պլանի, վերսկսվել են աշխատանքերը նշված տարածքներում։

Նշենք, որ խոշոր հրդեհների մարման աշխատանքները համակարգելու համար նաեւ Կապան են այցելել ու հրդեհների վայրում աշխատել ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Արկադի Բալյանը, նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արտավազդ Դավթյանը, ԱԻՆ-ի «Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի» 4 աշխատակից։

Խորհրդակցությանը քննարկվեցին նաեւ մարզում արդեն խոշոր ծավալների հասած ու պարբերաբար կրկնվող հրդեհների մարդածին գործոնի փաստը, բնակչության շրջանում այդպես էլ չհաջողված անվտանգ վարք ձեւավորելը, իրավապահների կողմից դրանց պատճառները բացահայտելու կարեւորությունը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53