Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՅՈՒՆԻՔ

16.09.2019

Քառօրյա այցով Սյունիքի մարզում է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին։

Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, մարզպետարանում նրան հյուրընկալեցին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանն ու խորհրդական Գոռ Թադեւոսյանը։ Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան քաղաքական եւ տնտեսական հարցերով պատասխանատու Մեթյու Փթիթը։

Լին Թրեյսիի սյունիքյան այցի հիմնական նպատակը սեպտեմբերի 17-ին Մեղրու Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու վերաբացման արարողությանը մասնակցելն է, սակայն այս օրերին նա նաեւ մի շարք հանդիպումներ եւ ճանաչողական այցեր կունենա։

Հիշեցնենք, որ 2016-ից ընթացող՝ Մեղրու Փոքր թաղի եկեղեցու վերակառուցման ու պահպանության ծրագիրն իրականացվում է «ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» միջոցներով, որի համար 510 հազար ԱՄՆ դոլար է հատկացվել։ Ծրագրի շնորհիվ հաջողվել է կործանումից փրկել ու վերականգնել որմնանկարչության հայկական ու պարսկական ոճերը մեկտեղող՝ տարածաշրջանում նմանը չունեցող բացառիկ որմնանկարները, եկեղեցին ապահովվել է ջրահեռացման, օդափոխության համակարգերով, փոխվել է տանիքն ու բարեկարգվել դեպի հոգեւոր տուն տանող ճանապարհը։

Նարեկ Բաբայանը, ողջունելով դեսպանի առաջին այցը Սյունիք, շնորհակալություն հայտնեց նրան Մեղրու եեղեցում կատարված ներդրման, ինչպես նաեւ մինչ այժմ թե՛ դեսպանատան, թե՛ ամերիկյան այլ կազմակերպությունների կողմից մեր մարզում իրագործված ծրագրերի համար։ Մարզպետի տեղակալը ընդհանուր գծերով ներկայացրեց Սյունիքի մարզն իր տնտեսության կառուցվածքով ու ներուժով, խնդիրներով, զարգացման այն առաջնահերթություններով, որոնք մարզային իշխանությունը նախանշում է առաջիկա տարիների համար։

Կապան մտնելիս՝ դեսպանի աչքից չէր վրիպել օդանավակայանի շինարարությունը, եւ նա հետաքրքրվեց նաեւ այդ աշխատանքներով ու հեռանկարով։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տնտեսական, մշակութային, բնապահպանական եւ այլ հարցեր։ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանին ներկայացվեցին նաեւ ծրագրային մի շարք առաջարկներ, որոնցում մարզն ակնկալում է դեսպանատան աջակցությունը, եւ բարձրաստիճան դիվանագետը խոստացավ դեսպանության համապատասխան բաժինների հետ քննարկել դրանք։

«Միացյալ Նահանգներն արժեւորում է Սյունիքի բնակիչների հետ կապերը, եւ ինձ համար հաճելի էր այցելել Սյունիքի մարզ` դիտարկելու այդ կապերը խորացնելու եւ ամրապնդելու հնարավորությունները», -  շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ հանդիպումը եզրափակեց Լին Թրեյսին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-10-22 16:20:53