Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ

23.10.2019

Հոկտեմբերի 23-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն ընդունեց բնական ռեսուրսների կառավարման գերմանացի փորձագետ Մաքս Կասպարեկին եւ «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան»-ի թիմի ղեկավար Հայնո Հերթելին։

Մաքս Կասպարեկը, մարզի ղեկավարի հետ զրուցելով «ՊՏԱԾ-Հայաստան»-ի կողմից անցած տարիներին Սյունիքում իրականացված եւ դեռեւս ընթացքի մեջ գտնվող ծրագրերի արդյունքների մասին, տեղեկացրեց, որ դրանց ավարտից հետո նախատեսվում է 2-րդ ծրագիրը, եւ այս հանդիպման նպատակը ոչ միայն դրականի գնահատումն է, այլեւ խնդիրերի ու թերացումների մասին խոսելը։

Փորձագետը նշեց, որ մարզային իշխանությունների կողմից արձանագրված խնդիրներն ու առաջարկները հաշվի կառնվեն նոր ծրագիրը կազմելիս․ այն կունենա նույն ուղղվածությունը, ինչ առաջինը, բայց կիրականացվի արդեն ոչ միայն Սյունիքում, այլեւ ողջ Հայաստանում։

Հունան Պողոսյանն ու մարզպետարանի Զարգացման ծրագրերի ու վերլուծության բաժնի պետ Էդգար Մարիտիրոսյանը ներկայացրեցին իրենց նկատառումներն ու տեսակետները արված աշխատանքի ու խնդիրների մասին, նաեւ հստակ առաջարկներ արեցին, որոնք կօգնեն հաջորդ ծրագրի արդյունավետությանը։

Ծրագրային թիմի ղեկավար Հայնո Հերթելը, գոհունակություն հայտնելով մինչ այժմ եղած համագործակցության վերաբերյալ, նշեց, որ նույն թերացումները իրենք եւս արձանագրել են, ու կարեւորել դրանց շտկումը նոր ծրագրում։

Հունան Պողոսյանը խնդրեց առավել ուշադիր լինել ազդակիր համայնքների դպրոցների խնդիրների հանդեպ, հատկապես էներգախնայողությանն ու այլընտրանքային էներգետիկային առնչվող ծրագրեր իրականացնելիս, ինչպես նաեւ դրամաշնորհների հաստատման ժամանակ խորհրդատվության կարգով հաշվի առնել նաեւ մարզային իշխանությունների կարծիքը, քանի որ իրենք առավել լավ գիտեն համայնքային խնդիրների առաջնահերթությունները։

Շնորհակալություն հայտնելով իրականացված ծրագրի համար՝ Սյունիքի մարզպետը կրկին աշխատանքներին աջակցելու ու համագործակցության պատրաստակամություն հայտնեց։

Հիշեցնենք, որ «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան»-ը իրականացվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից, այն ֆինանսավորում է գերմանական KFW բանկը:

Ծրագրի նպատակն է բարելավել Սյունիքի մարզի պահպանվող տարածքների բնական պաշարների պահպանությունն ու այդ տարածքների կառավարումը, կենսաբազմազանության պահպանության վրա ուղղակի ազդեցություն ունեցող պետական կառույցների կարողությունների հզորացումը եւ աջակցել այս տարածքներին` միաժամանակ լավացնելով հարակից համայնքների սոցիալ-տնտեսական վիճակը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:07:37