Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՍԻՍԻԱՆՈՒՄ՝ ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՆԱԽԱԳԾԻ ՇՈՒՐՋ

26.11.2019

Սիսիանի 4-րդ կարգի վթարային Ֆիզկուլտուրնիկների 6 շենքի խնդիրը գրեթե երեք տասնամյակ է գլխավորում է քաղաքի առաջնային հիմնախնդիրների ցանկը: Համայնքային և մարզային իշխանությունների, ինչպես նաև բնակիչների կողմից տարբեր ժամանակներում տասնյակ խնդրանք-դիմումներ են ուղղվել կառավարությանը, սակայն հարցը այդպես էլ լուծում չի ստացել, բազմապատկվել են միայն շենքի ճեղքերն ու բնակիչների վրդովմունքը: Սայլը տեղից շարժվել է նոր կառավարության նախաձեռնությամբ, մշակվել է ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի 1515-Ն որոշման լրամշակված նախագիծ, համաձայն որի Սիսիանի ֆիզկուլտուրնիկների 6 և Կապանի Շինարարների 20 վթարային քանդման ենթակա շենքերի թվով 109 ընտանիքներին, որպես բնակարանային պայմանների բարելավման համար ֆինանսական աջակցություն, 2019 թվականին կհատկացվի 615 մլն 342 հազ դրամ: ֆիզկուլտուրնիկների 6 շենքի բնակիչների կարծիքն իմանալու նպատակով նոյեմբերի 25-ին Սիսիանի մշակույթի կենտրոնի դահլիճում կազմակերպվել էր հանրային քննարկում, կառավարության կողմից առաջարկվող պայմանները ներկայացրեցին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը,  Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և մարզպետարանի Քաղաքաշինության վարչության բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ Էդուարդ Միրզոյանը:

Նախագիծը կառավարության կողմից կընդունվի միայն բնակիչների համաձայնության դեպքում, գործընթացը կիրականացվի շենքերի բնակիչների և Սյունիքի մարզպետի միջև ՀՀ օրենսդրության համաձայն կնքված համապատասխան աջակցության պայմանագրերի համաձայն:
Տրամադրվող ֆինանսական աջակցության չափի հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվել Սիսիան և Կապան քաղաքներում բազմաբնակարան շենքերի բնակարանների ընդհանուր մակերեսի մեկ քառ. մետրի 2019 թվականի ապրիլ ամսվա ընթացքում ձևավորված շուկայական գինը:
Քննարկումը բուռն էր, կարծիքները՝ հակասական: Ոմանք կողմ էին, ոմանք՝ դեմ, առարկություն ունեին հատկապես 3-4 սենյականոց բնակարաններ ունեցողները, նրանք լիարժեք փոխհատուցում էին ակնկալում:
Նարեկ Բաբայանի խոսքով, եթե անգամ մեկ ընտանիք հրաժարվի ֆինանսական աջակցությունից, մնացածը ևս աջակցություն չեն ստանա, նախագիծը գուցե չեղարկվի:
Բնակիչներին մինչև դեկտեմբերի մեկը ժամանակ տրվեց մտածել, հարազատների հետ քննարկել և ընդհանուր եզրահանգման գալ, որից հետո, ըստ ընթացակարգի, նրանց որոշումը մարզետարանը կներկայացնի կառավարություն: Դրական պատասխանի դեպքում, աջակցության տրամադրման մասին պայմանագրեր կնքելուց հետո, երկամսյա ժամկետում կիրականացվեն շենքի քանդման աշխատանքները, բացասական պատասխանի դեպքում գուցե որոշումը վերանայվի, իսկ գուցե խնդիրը այդպես էլ մնա չլուծված:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:04:45