Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

02.12.2019

Դեկտեմբերի 2-ին Սյունիքի մարզպետարանում կայացավ հանրային քննարկում Կապան քաղաքի Շինարարների 20 բազմաբնակարան վթարային շենքի բնակիչների բնակարանային պայմանների բարելավման համար ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով ՀՀ կառավարության որոշման նախագծի շուրջ։

Մասնակցում էին շենքի բնակիչներն ու բացակա բնակիչների ներկայացուցիչները, ինչպես նաեւ Կապանի համայնքապետարանի, «Սարահարթ» համատիրության ներկայացուցիչները։

Հանրային քննարկումը վարում էր Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը, իսկ որոշման նախագծի պայմանները բնակիչներին ներկայացրեց մարզպետարանի Քաղաքաշինության վարչության բնակարանային եւ ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ Էդուարդ Միրզոյանը:

Առաջարկվող ֆինանսական աջակցությունն ըստ նախագծի հետեւյալ չափն ունի
1 սենյականոց բնակարանի համար՝ 4 մլն 887 հազ դրամ,
2 սենյականոց բնակարանի համար՝ 5 մլն 973 հազ դրամ,
3 սենյականոց բնակարանի համար՝ 7 մլն 59 հազ դրամ։

Բոլորի համաձայնությունից ու գումարները ստանալուց հետո շենքը պետք է հանձնվի համայնքին ու քանդվի։

Ի վերջո, հանդիպումը վերածվեց բուռն բանավեճի ու աղմկոտ քննարկման, բնակիչներից յուրաքանչյուրին առաջարկվեց հստակ ու գրավոր ներկայացնել այս պայմաններին իրենց կողմ կամ դեմ լինելը։

Իսկ նախագիծը կառավարության կողմից որպես որոշում դեկտեմբերի վերջին կընդունվի միայն բոլոր բնակիչների համաձայնության դեպքում, գործընթացը կիրականացվի շենքերի բնակիչների եւ Սյունիքի մարզպետի միջեւ ՀՀ օրենսդրության համաձայն կնքված համապատասխան աջակցության պայմանագրերի համաձայն:

Հիշեցնենք, որ   նման քննարկում օրերս նաեւ կազմակերպվել էր Սիսիանում՝ վթարային Ֆիզկուլտուրնիկների 6 շենքի վերաբերյալ։

ՀՀ կառավարությունը ընդունվելիք որոշմամբ նախատեսում է այս 2 վթարային՝ քանդման ենթակա շենքերի 109 ընտանիքներին՝ որպես բնակարանային պայմանների բարելավման համար ֆինանսական աջակցություն, 615 մլն 342 հազ դրամ հատկացնել։

Ի վերջո, երկու շենքերից էլ բնակիչների մեծ մասը կողմ է առաջարկին, բայց կան նաեւ դեմ արտահայտվողներ, ու եթե անգամ մեկ բնակիչ դեմ լինի, ՀՀ կառավարությունը  որոշում չի կայացնի, եւ անհայտ կմնա խնդրի լուծման ժամկետը։ 

Ինչեւէ, մինչեւ դեկտեմբերի  6-ը շենքերի բնակիչները պետք է իրենց վերջնական տեսակետը ներկայացնեն մարզպետարան, վերջինս էլ դա կուղարկի կառավարություն։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-12-12 15:38:21