Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՍՊԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՄՈՐԹԻ ՊԱՀԱՆՋԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է ՍՆՆԴԻ ՇՂԹԱՅԻ ԲՈԼՈՐ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

15.01.2020

Այսօր իրենց բողոքներով ու հարցերով Սյունիքի մարզպետարան էին եկել Կապան քաղաքի մսի վաճառակետերի աշխատակիցները։ Վերջիններիս մտահոգողը հունվարի 15-ից ՀՀ-ում ուժի մեջ մտած սպանդանոցային մորթի պարտադիր պայմանն է, որի մասին տեղյակ են պահվել դեռեւս մեկ տարի առաջ։ Նրանց ընդունեցին մարզպետի խորհրդական Գոռ Թադեւոսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, Գյուղատնտեսության բաժնի աշխատակիցները հանդիպմանը ներկա էր ու պարզաբանումներ ներկայացրեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի պետ Արթուր Խաչատրյանը։

Փաստն այն է, որ մարզում դեռեւս լիովին ավարտին չի հասցվել սպանդանոցների կառուցումը, եւ մասնավորապես մսի մթերման հիմնական տարածաշրջաններում՝ Գորիսում եւ Սիսիանում դրանք կսկսեն գործել 1-1,5 ամսից։ Այս պահին նման ծառայություն կարող է մատուցել միայն Կապանում գործող «Գյուղարտ» ՓԲԸ-ն, եւ մսավաճառների ասելով՝ այն մսի տեղափոխում չի կատարում, իսկ իր սպանդանոցում կատարված 1 կգ մսի մորթի համար պահանջում է 120 դրամ։ Մինչդեռ կենդանի անասունների փոխադրումն իրենց համար գրեթե անհնար է, քանի որ անհրաժեշտ են հատուկ մեքենաներ ու պայմաններ, ու թե՛ այդ ծախսը, թե՛ մորթի համար վճարվող գումարը մսի շուկայում գնի բարձրացում կբերեն։ Ինչպես մսավաճառներն էին նշում, այսօր Կապանում արդեն վաճառելու միս չունեն, ու իրենց համար ցանկալի տարբերակն է, որ սպանդանոցն ինքը միս մթերի, իրենք այնտեղից դա գնեն, կամ որեւէ այլ հարմար լուծում գտնվի։
Մարզպետարանի աշխատակիցները, գրանցելով բարձրացված բոլոր հարցերը, օրվա երկրորդ կեսին հանդիպեցին ու դրանք քննարկեցին «Գյուղարտ» ՓԲԸ-ի պատասխանատուների հետ։
Վերջիններս քննարկման արդյունքում պատրաստակամություն հայտնեցին ունեցած համապատասխան մեքենաներով կազմակերպել կենդանիների տեղափոխումը, իսկ տեղափոխման, ինչպես նաեւ մորթի գները կարող են փոփոխվել՝ կախված մթերվող մսի ծավալներից։ Շուկայական հարաբերությունների համատեքստում սպանդանոցը պատրաստ է գների շուրջ քննարկումներ ունենալ գյուղացիների ու մսավաճառների հետ։
Նշենք, որ այս պահին Սիսիանում՝ 1, Գորիսում 3 սպանդանոց է կառուցվում, ու վերջիններիս գործարկվելուց հետո դրանք տեղերում կիրականացնեն կենդանիների մորթը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-09-16 13:15:58