Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆՈՐՈԳՎԱԾ ՃԱՇԱՐԱՆՆԵՐ․ ՏԱՔ ՍՆՈՒՆԴ՝ ՄԱՐԶԻ ԱՌԱՎԵԼ ՇԱՏ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ

17.01.2020

Հունվարի 16-ին Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադեւոսյանը եւ մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի  վարչության պետ Մերի Գանդալյանը հանդիպում ունեցան Միացյալ ազգերի կազմակերպության պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) աշխատակիցներ Վլադիմիր Մալխասյանի ու Գայանե Տոնոյանի հետ՝ ամփոփելու կազմակերպության  «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում վերջին տարում  մարզի հանրակրթական դպրոցների ճաշարաններում իրականացված վերանորոգման աշխատանքները։ 

Մինչ այս մարզի 53 դպրոցում տարրական դասարանների աշակերտներին տրամադրվել է տաք, մնացածներում՝ չոր սնունդ։ Պարենի համաշխարահային ծրագրի օժանդակությամբ 2019 թվականին ամբողջովին վերանորոգվել են 49 դպրոցների ճաշարաններ, իսկ 15-ի նորոգումն ընթացքի մեջ է։ Նորոգվողների մեջ եւս եղել են  տաք սննդից օգտվողներ, սակայն ճաշարանները բարվոք վիճակում չէին։

Եվ այս ներդրման շնորհիվ առաջիկայում Սյունիքի դպրոցների հիմնական մասը հնարավորություն կունենա անցնելու տաք սննդի։

Հյուրերը շնորհակալություն հայտնեցին մարզպետարանին՝ սերտ համագործակցության, աջակցության, լրացուցիչ միջոցներ հայթայթելու ու  այս գործընթացը մարզում սահուն կազմակերպելու համար։

Մարզպետարանի ներկայացուցիչներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ՊՀԾ-ին՝ նշելով դպրոցներում երեխաներին տաք եւ առողջ սննդով ապահովելու ծրագրի մեծ կարեւորությունը։

Ծրագրի շրջանակներում 178,8 մլն դրամի ներդրում  է կատարվել մարզի հանրակրթական դպրոցներում, որից 145 մլն դրամը, շինանյութի տեսքով, հատկացրել է ՊՀԾ-ն, 33,8 մլն դրամը, որը վերանորոգման աշխատանքների գումարն է, Սյունիքի մարզպետարանի աջակցությամբ ներդրվել է դպրոցների խնայողություններից եւ այլ միջոցներից:

Առաջիկայում՝ որպես ծրագրի շարունակություն, դպրոցները, ըստ ճաշարանների կարիքների, կստանան նաեւ անհրաժեշտ գույք եւ սարքավորումներ։ Ինչպես նաեւ կազմակերպությունը նախատեսում է վերապատրաստման դասընթացներ կազմակերպել տեղերում՝

դպրոցների տօրենների,  խոհարարների համար՝ նվիրված գնումների կազմակերպմանը, առողջ  սննդակարգին ու սննդի անվտանգությանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-08-07 12:23:37