Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

30.01.2020

Այսօր Սյունիքի մարզպետարանում էին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից իրականացվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի  ներկայացուցիչները։

Նրանք տեղեկատվական հանդիպումներ ունեցան նախ  Սյունիքի մարզպետ  Հունան Պողոսյանի, այնուհետեւ մարզպետարանի ու Կապանի, Գորիսի, Քաջարանի (Սիսիանի հանդիպումը համայնքում էր նախատեսված) համայնքապետարանների աշխատակիցների հետ։

Դեռեւս անցած տարեվերջին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում քննարկվել եւ ՄԱԿ-ի այս ծրագիրը ՀՀ մարզեր եւս հասցնելու նպատակով 2020-ի  սուբվեցիոն ծրագրերի հայտերում որպես առաջնահերթություն էին դիտարկվել բազմաբնակարան շենքերի էներգախնայողությանն ու ջերմաարդյունավետությանն ուղղված ծրագրերը։

Ուստի, այսօրվա հանդիպման նպատակն էր մարզային իշխանությունների հետ համագործակցության հարցեր քննարկելը, ինչպես նաեւ համայնքներին այս ծրագիրը ներկայացնելը, որը կտեւի մինչեւ 2023 թվականը․ նախատեսված 290 շենքերի կեսը կընդգրկվի ՀՀ մարզերից, կեսը՝ Երեւանից։

Եթե համայնքներն այս տարվա սուբվենցիոն ծրագրերում ներառեն բազմաբնակարան շենքերին վերաբերող այս աշխատանքները, այն լավ  հնարավորություն կլինի պետության եւ ՄԱԿ-ի մասնակցությամբ սեփական փոքր ներդրումով խոշոր ծավալի աշխատանք կատարելու համար։ Մայրաքաղաքում արդեն իսկ  կատարված աշխատանք ու նման բարձրահարկ շենքի օրինակ կա, որը ներկայացվեց  հանդիպման մասնակիցներին։   

Ծրագրի շրջանակներում կատարվում  են շենքերի տանիքի ու  արտաքին պատերի ջերմամեկուսացում, նոր էներգախնայող դռների ու պատուհանների, էներգախնայող լուսավորության տեղադրում, նաեւ՝ հավելյալ միջոցառումներ։

Արդյունքը ջեռուցման նպատակով սպառվող էլեկտրաէներգիայի եւ գազի ծախսի 30-60% կրճատումն է, բնակարանների շուկայական արժեքի 10-20% բարձրացումը, շենքի շահագործման ժամկետի ավելացումը, շենքի արտաքին տեսքի եւ ընդհանուր տարածքների բարելավումը, ընդհանուր տարածքների լուսավորման ծախսերի կրճատումը եւ այլն։

Ծրագրային թիմի փորձագետները խոսեցին նաեւ բնակիչների ու համայնքի համար այս ամենի օգուտներից՝ նշելով, որ պատրաստ են իրենց մասնագիտական  աջակցությունը ցուցաբերել սուբվենցիոն հայտերի կազմման գործում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-08-06 15:21:41