Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԻՐԱԶԵԿՈՒՄ․ ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
14.02.2020

Սպանդանոցի կառուցումը և շահագործումն իրականացվում են զոոհիգիենիկ նորմերի և անասնաբուժասանիտարական ու բնապահպանական պահանջների պահպանմամբ:
Սպանդանոցները կառուցվում են բնակելի վայրերից, ֆերմաներից, արոտավայրերից, հասարակական վայրերից, բժշկական հաստատություններից առնվազն 300մ հեռավորության վրա:
Սպանդանոցը կարող է լինել առանձին շինության, շինությունների համալիրի տեսքով կամ կենդանական ծագման մթերք արտադրող, վերամշակող կազմակերպությունների կազմում:
Ըստ հերթափոխում իրականացվող մորթի քանակության կամ սպանդային միավորի` սպանդանոցները լինում են`
-խոշոր` հերթափոխում 300-ից ավելի սպանդային միավոր հզորությամբ.
-միջին` 30-300 սպանդային միավոր հզորությամբ.
-փոքր` մինչև 30 սպանդային միավոր հզորությամբ:
Սպանդանոցի տարածքը ստորաբաժանվում է հետևյալ 3 հիմնական գոտիների.
-կենդանիների նախասպանդային պահման բազա` սանիտարական սպանդանոցով, կարանտինային բաժնով և մեկուսարանով,
-տնտեսական` օժանդակ կառույցներով, վառելիքի, շինարարական նյութերի պահեստներով,
-արտադրական՝ հիմնական արտադրական մասնաշենքերով:
Փոխադրամիջոցների անիվների ախտահանման համար արտադրության տարածք մտնելիս և ելնելիս դարպասների մոտ լինում է ախտահանիչ լուծույթով լցված հատուկ առու (ախտահանող պատնեշներ):
Ճանապարհների, բարձման-բեռնաթափման հարթակների, ավտոմոբիլային և երկաթուղային հարթակների, սանիտարական կառույցահատվածի տարածքի, բացօթյա փարախների ասֆալտաբետոնային ծածկերը լինում են հարթ, անջրաթափանց, հեշտ ենթարկվում են լվացման և ախտահանման:
Կազմակերպության տարածքում կառույցների, մասնաշենքերի տեղակայումը բացառում է հետևյալ հանդիպակաց հոսքերը.
-հումքի և պատրաստի արտադրանքի,
-սննդամթերքի և կենդանիների, գոմաղբի, արտադրական թափոնների,
-առողջ և հիվանդ, ինչպես նաև կասկածելի հիվանդ կենդանիների:
Սպանդանոցի տարածքը լինում է ցանկապատված, ունենում է թեքություն դեպի հեղեղատար ջրահեռացման համակարգը` կեղտաջրերի, մթնոլորտային տեղումներից, ձնահալոցքից առաջացած ջրերի հեռացման համար: Կենդանիների պահման նախասպանդային բազայի, սանիտարական կառույցահատվածի, վառելիքային տնտեսության կեղտաջրերը չպետք է թափվեն կազմակերպության մյուս տարածքներ:
Տարածքը պահվում է մաքուր վիճակում: Տարվա տաք եղանակներին տարածքը ջրվում է, իսկ ձմռանը` մաքրվում ձյունից և սառույցից:
Աղբի հավաքման համար ասֆալտածածկ, բետոնածածկ կամ հեշտ մաքրման հնարավորություն ընձեռող այլ հարթակների վրա տեղադրվում են կափարիչով ամուր փակվող տարողություններ: Հարթակները արտադրական և պահեստային մասնաշենքերից գտնվում են 25 մետրից ոչ պակաս հեռավորության վրա:
Տարողություններից աղբի և թափոնների հեռացումը կատարվում է օրը մեկ անգամից ոչ պակաս: Աղբը հեռացնելուց հետո տարողությունները լվացվում և ախտահանվում են:
Սպանդանոցն ունի մեկուսացված, բետոնապատ հրապարակ՝ կենդանիների արտաթորանքի և մարսողական ուղիների պարունակության հավաքման` 30 օրվանից ոչ պակաս տևողությամբ պահելու և կենսաջերմային եղանակով վնասազերծելու համար:
Սպանդանոցը պետք է ունենա անասնաբուժասանիտարական փորձաքննության անցկացման համար նախատեսված աշխատատեղ և հագեցած լինի համապատասխան լաբորատոր սարքավորումներով:
Սպանդանոցը պետք է ունենա կենդանիների տեղափոխման և սպանդից ստածված մթերքի համար նախատեսված համապատասխան մեքենաներ :
Սպանդանոցը ունենում է սանիտարական պահպանման գոտի, համաձայն «Արդյունաբերական ձեռնարկությունների նախագծման սանիտարական նորմեր» ՍՆ 245-71-ի:
Սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգը և ներկայացվող պահանջները սահմանված է ՀՀ կառավարության 2006թվականի N993-Ն որոշմամբ:
Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին, լուսավորմանը, ջեռուցմանը, օդափոխությանը, միկրոկլիմային և աղմուկին, արտադրական և օժանդակ սենքերին, կենդանիների նախասպանդային պահման բազային և տեխնոլոգիական գործընթացին ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի «Մսի և մսամթերքի արտադրության կազմակերպություններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.1-07-2003 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը հաստատելու մասին հրամանով:
Սպանդ իրականացնող տնտեսավարող սուբյեկտները իրենց գործունեությունը իրականացնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրվող սննդի շղթայի օպերատորների գործունեության եզրակացության հիման վրա: Տնտեսավարողը ստանում է անհատական նույնականացման համար և սկսում է իր գործունեությունը: