Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

12.03.2020

Մարտի 12-ին Սյունիքի մարզպետարանում  ամփոփվեցին 2019-2020 ուստարվա դպրոցական առարկայական օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները։ Նշենք, որ մարզի տարբեր տարածաշրջանների դպրոցներից  մարզային փուլի հաղթողներն իրենց դիպլոմներն ու գովասանագրերն արդեն ստացել կամ ստանալու են տեղերում։ Եվ այսօր Կապանի եւ Քաջարանի տարածաշրջանների մրցանակային տեղեր գրաված աշակերտները մարզպետի կողմից ստացան համապատասխանաբար 1-ին, 2-րդ եւ 3-րդ կարգի դիպլոմներ, իսկ բարձր արդյունքներ ունեցած, սակայն մարզային փուլը չհաղթահարած աշակերտները գովասանագիր ստացան։

Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը շնորհավորեց հաղթած աշակերտներին, նրանց ուսուցիչներին եւ ծնողներին, ինչպես նաեւ  շնորհակալություն հայտնեց մարզային փուլի կազմակերպիչներին ու պատասխանատուներին, հանձնաժողովների անդամներին։

Ի դեպ, այս տարի նախորդների համեմատ ավելի շատ գյուղական դպրոցներ են մասնակցել օլիմպիադայի մարզային փուլին։

Իսկ ընդհանուր առմամբ դրան մասնակցել է 609 աշակերտ, նրանցից 154-ը մրցանակակիր է, որից 105-ն  իրավունք է ստացել մասնակցելու օլիմպիադայի հանրապետական փուլին։ Հետաքրքիր է, որ    հանրապետական փուլում մեր մարզն ամենաշատ մասնակիցներն ունի աշխարհագրություն առարկայից։

Մարզային փուլին մասնակցած 35 դպրոցներից 33-ը մրցանակակիր աշակերտներ ունեն։ Ըստ տարածաշրջանների ամենաշատ դիպլոմակիրներն ունի Կապանը (Քաջարանը՝ ներառյալ)՝ 63, այնուհետեւ Գորիսը՝ 39,  Սիսիանը՝ 38, Մեղրին՝ 14։

Դիպլոմների թվով առաջին տեղում է Սիսիանի ավագ դպրոցը՝ 23, Գորիսի թիվ 4 ավագ դպրոցն ունի 19 դիպլոմակիր, Կապանի թիվ 2 ավագ դպրոցը՝ 16, Ագարակի միջնակարգ դպրոցը՝ 12, Կապանի թիվ 3 միջնակարգը՝ 8, Քաջարանի թիվ 2 միջնակարգը՝ 7  եւ այլն։

Իսկ հանրապետական փուլի մասնակիցների թվով առաջատարներն են  Գորիսի թիվ 4 ավագ դպրոցը՝ 16 աշակերտ, Կապանի թիվ 2 ավագ դպրոցը՝ 14 աշակերտ, Սիսիանի ավագ դպրոցը՝ 13 աշակերտ, Ագարակի  միջնակարգ դպրոցը՝ 7 աշակերտ։  

Ամփոփումից հետո այս հանդիպմանը ներկա՝ արդեն իսկ հանրապետական փուլին մասնակցած աշակերտներին ու միշտ մրցանակներով աչքի ընկած օլիմպիականներին հանդիպեց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-22 16:15:04