Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՑ ԴՊՐՈՑՆԵՐ․ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԿԱՊԱՆՈՒՄ ՆՈՐ ԿՐԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՎԵԼ

22.01.2021

Հունվարի 21-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն այցելեց Կապանի թիվ 3 միջնակարգ եւ թիվ 1 հիմնական դպրոցներ՝ ծանոթանալու ԱՄՆ-ի «Հայ հույս» (Hye Hopes) հիմնադրամի կողմից այս  կրթօջախներին տրամադրված աջակցությանն  ու մեկնարկած դասընթացների ծրագրին, ինչպես նաեւ «Հայ հույս»-ի հիմնադիր տնօրեն,

Գլենդելի հանրակրթական դպրոցների խորհրդի անդամ Գրեգ Քրիքորյանի հետ ծանոթանալով՝ անմիջապես նրանից տեղեկանալու նախաձեռնության մանրամասներին։ Գ Քրիքորյանն ու «Հայ հույս»-ի խորհրդի անդամ Քրիստափոր Դրո Սիմոնյանը որոշ ժամանակ է արդեն Սյունիքում են։

Նշենք, որ աշնանը կազմակերպված մարաթոնի ընթացքում հիմնադրամը կատարեց հանգանակություն՝ Կապանի երկու դպրոցի օգնելու նպատակով, որին մասնակցեցին հայեր աշխարհի տարբեր ծայրերից։ Այդ գումարով ձեռքբերված 48 համակարգիչներն ու այլ տեխնիկական միջոցներ հասցվել են Կապան, ու այս դպրոցներում  երկուական դասասենյակներ են կահավորվել հեռավար դասընթացների համար։

Ծրագրի շրջանակներում այժմ դպրոցականները հեռավար դասընթացների են  մասնակցում ֆիզիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա, անգլերեն առարկաներից, որոնք վարում են Գլենդելի հայ ուսուցիչները։

Այս ամենի բնականոն սկիզբն ապահովել ու գործընթացին անձամբ հետեւում են  Գ Քրիքորյանն ու Ք Դրո Սիմոնյանը։

Իսկ փետրվարին կմեկնարկեն դասընթացներ Կապանի ու Քաջարանի տարածաշրջանների մանկավարժների ու այլ մասնագետների համար, ովքեր առնչվում են ներառական կրթությանը։ Կլինի փորձի փոխանակում,  համագործակցություն, հեռավար հոգեբանական աջակցություն։ Թե՛ աշակերտների, թե՛ մանկավարժների համար կրթական ծրագրերը շարունակական կլինեն, կշարունակվի նաեւ աջակցությունը Սյունիքի մյուս համայնքներին։

Պարոն Քրիքորյանը տեղեկացրեց, որ նախատեսում են օգնություն ու ծրագրեր նաեւ Գորիսում, Մեղրիում, Սիսիանում։

Սյունիքի մարզպետը շնորհակալություն հայտնեց մեր հայրենակցին՝ նման  նախաձեռնության համար ու կարեւորեց կրթական ոլորտում նորանոր ծրագրերի իրականացումը։ Հյուրերը նաեւ շրջեցին համակարգչային դասարաններում ու լսեցին աշակերտների շնորհակալական խոսքը։

Մելիքսեթ Պողոսյանը ցանկացավ մանկավարժների ու տնօրենների կարծիքը եւս լսել ծրագրի արդյունավետության մասին։  

Ու հաշվի առնելով, որ առաջին անգամ էր այցելում այս դպրոցներ՝ մարզպետը նաեւ շրջեց կրթօջախներում, ծանոթացավ պայմաններին ու խնդիրներին՝  հատկապես ուշադրություն հրավիրելով ու կարեւորելով «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի պատշաճ դասավանդումը։ ՄՊողոսյանը հորդորեց անպայման ունենալ փառքի սրահներ, որտեղ կներկայացվեն Արցախյան երեք պատերազմներում հերոսացած շրջանավարտները,  ինչպես նաեւ անկյուններ, որտեղ կներկայացվեն դպրոցների՝ տարբեր ոլորտներում աչքի ընկած լավագույն  աշակերտները, շրջանավարտները։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:52:10