Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

05.03.2021

Մարտի 5-ը Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է․․․ Հատկապես հետպատերազմյան այս ընթացքում, մարդիկ այլ հույզերով էին այսօր խնկարկում  մեր նորանկախ պետության բանակաշինության ռահվիրայի հիշատակը։

ՀՀ ռազմական-քաղաքական-հասարակական գործիչ, ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, արձակագիր եւ հրապարակախոս Վազգեն Սարգսյանի անմար հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար մարտի 5-ին Կապանի Բաղաբուրջի հուշահամալիր այցելեցին  եւ այնտեղ տեղադրված  նրա կիսանդրուն ծաղիկներ դրեցին  Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչները՝ փոխմարզպետ Կարո Ավանեսյանի գլխավորությամբ, Սյունիքի երկրապահ կամավորականները, համայնքային իշխանությունները, ազատամարտիկներ, նորօրյա պատերազմի երիտասարդ կամավորականները, բազմաթիվ կապանցիներ։

Վազգեն Սարգսյանի հետ ընկերության, նրա հետ անմիջական շփումների, նրա մարդ տեսակը ճանաչելու եւ  Սպարապետի հրամանատարության ներքո հայրենիքին ծառայելու հուշերն անչափ թանկ են նաեւ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի համար, որին Վազգեն Սարգսյանը գնահատել է որպես լավ զինվորականի։

Բազմամյա զինվորական ճանապարհ անցած մարզպետն այսպես է գնահատում Սպարապետին «Դարեր շարունակ պարբերաբար պետականության կորուստ ենք ունեցել, բայց 20-րդ դարում Վազգենը կարողացավ համախմբել ազգը, բոլորս հավատացինք ու միացանք նրան, կռիվ գնացինք ու հաղթեցինք․․․ Պետական բացառիկ մտածողություն ուներ ու այնքան նվիրված էր հայրենիքին, որ անգամ ընտանիք կազմելու ժամանակ չունեցավ։  

Բանակաշինության գործում իր առաքելությունն ավարտելով՝ անցել էր արդեն պետականաշինության, տնտեսության զարգացման գործին, չնայած դա էլ, ի վերջո, միշտ բանակի հետ էր կապում՝ ասելով, որ պիտի տնտեսությունը զարգացնենք, որպեսզի բանակը զարգանա։ Ու արդեն վարչապետ եղած ժամանակ էլ ամեն ինչ կրկին  բանակի հետ էր համեմատում ու բանակի համատեքստում տեսնում մի անգամ նույնիսկ, որպեսզի Կարեն Դեմիրճյանին ցույց տա, թե ինչ բանակ է կառուցել, ու այդ կերպ  հնարավոր է նաեւ նույնը  տնտեսության զարգացման մեջ անել, որպես օրինակ, հանպատրաստից այց կատարեց ու նրան բերեց ցույց տալու հենց իմ ղեկավարած զորամասը, որից Դեմիրճյանը տպավորված էր, իսկ նման այցն, իհարկե, ինձ համար պատիվ էր ու պարտավորեցնող։

Գործն, ավա՜ղ, կիսատ մնաց, բայց Վազգենը միշտ մեզ հետ է, մեր կողքին, նրանից ստացած դասերը՝ ուղենիշ պետականության կառուցման բոլոր ոլորտներում»։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 10:24:46