Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ, ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԻ ԱՄՓՈՓՈՒՄ, ԽՆԴԻՐՆԵՐԻ ՈՒ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ․ մարզպետը հանդիպեց մարզային ենթակայության դպրոցների տնօրեններին

30.03.2021

Մարտի 29-ին Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի դահլիճում կայացավ խորհրդակցություն մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ, միաժամանակ պարգեւատրվեցին մարզպետարանի կողմից առաջին անգամ ընտրված (նշված ուսհաստատություններից) 2019-2020 ուստարվա «Լավագույն դպրոց» ու «Լավագույն ուսուցիչ» անվանակարգերի հասցեատերերը։ Հանդիպման բանախոսներն էին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, խորհրդակցությանը մասնակցում էին վարչության աշխատակիցները։

Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան վերջին պատերազմում հերոսացած հայորդիների հիշատակը։
Ողջունելով ներկաներին՝ Մելիքսեթ Պողոսյանը տնօրենների ուշադրությունը հրավիրեց կրթական գործի կազմակերպման այն պահանջներին ու չափորոշիչներին, որոնց ապահովումն ակնկալում է ինքը մարզի դպրոցներում։ Հատկապես հետպատերազմյան Սյունիքում կարեւորելով կիրթ, հայրենասեր, կարգապահ սերնդի դաստիարակումը՝ մարզպետը նշեց, որ հասցրել է լինել մի շարք կրթօջախներում, մյուսների խնդիրներին եւս ծանոթ է, դրանք ըստ առաջնահերթության կներկայացվեն կառավարություն ու այլ դոնորների, բայց կարեւոր է, որ դպրոցներն էլ ապահովեն այն ամենը ինչը կախված չէ ֆինանսական կամ նյութական հնարավորություններից։ Մարզպետը խոսեց նաեւ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի պատշաճ դասավանդման մասին, հորդորեց առանձին դասասենյակներ անվանակոչելու փոխարեն բոլոր դպրոցներում անմահացած շրջանավարտների փառքի անկյուններ ունենալ։
Մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը ներկայացրեց մարզպետարանի համակարգի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի աշխատանքները, երկրորդ կիսամյակի անելիքներն ու առկա խնդիրները։ Նշվեց, որ այս ուսումնական հաստատություններում 2020-2021 ուսումնական տարվա սեպտեմբերի 14-ի դրությամբ սովորել է 15161 աշակերտ, այժմ՝ 15803, իսկ մարզում ընդհանուր՝ 17941աշակերտ:
Վարչության պետը նաեւ կազմակերպական, մեթոդական, նոր օրենքների, կարգերի հետ կապված տեղեկատվություն փոխանցեց տնօրեններին, ներկայացրեց պետական ու դոնորների միջոցներով մարզի դպրոցներում կատարված ներդրումները, անդրադարձավ դպրոցական խորհուրդների կազմավորման նոր կարգին եւ այլն։
Այնուհետեւ մրցանակներ ու մարզպետի շնորհակալագրեր հանձնվեցին առաջին անգամ մարզպետարանի համակարգի հանրակրթական ուսումնական հաստատություններից ընտրված 2019-2020 ուտարվա լավագույն 3 դպրոցներին, որոնք են Գորայքի միջնակարգ դպրոցը, Խնձորեսկի Գ. Սեւունցի անվան միջնակարգ դպրոցը, Ագարակի միջնակարգ դպրոցը եւ լավագույն երկու ուսուցիչներին՝ Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի ուսուցիչներ Գոհար Հաջաթյանին եւ Արփինե Հակոբյանին։
Խորհրդակցության ընթացքում նաեւ դպրոցական առարկայական օլիմպիադայի մարզային փուլի հաղթողների դիպլոմներն ու գովասանագրերը հանձնվեցին տնօրեններին՝ աշակերտների փոխանցելու համար։ Նշվեց, որ մարզային փուլին մասնակցած 668 աշակերտներից 299-ը արժանացել է մրցանակների։ Առաջին կարգի դիպլոմ ստացավ 42 աշակերտ, 2-րդ կարգի` 118, 3-րդ կարգի` 129, գովասանագիր` 10: Հանրապետական փուլին Սյունիքի մարզից մասնակցում է 102 աշակերտ:
Խորհրդակցության ընթացքում մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանն անդրադարձավ աշակերտների հատկապես ռազմահայրենասիրական դաստիարակությանն ու այդ գործում մանկավարժների դերին։
Խորհրդակցությանը հրավիրվել էր նաեւ նորաբաց «Սյունիքի մարզի դիպուկահարների դպրոցի» հիմնադիր ու ղեկավար Վասիլ Ավետիսյանը, ու նրա ելույթի նպատակը դպրոցի մասին տնօրեններին տեղեկացնելն էր, որպեսզի վերջիններս իրազեկեն աշակերտներին ու ծնողներին, ու դպրոցը մարզում աշակերտներ հավաքագրի՝ իր կրթական ծրագիրն իրականացնելու համար։
Հանդիպման ընթացքում տնօրենները նաեւ հարցեր ուղղեցին մարզպետին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 10:24:46