Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԵՏ

14.04.2021

Այսօր Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։

Սյունիք նրա այցի ու մարզպետի հետ հանդիպման նպատակն էր տեղում ու փաստացի հասկանալ, թե պատերազմից հետո ինչ իրավիճակ է Սյունիքում եւ ինչպես են մարզային իշխանություններն ու բնակիչները գնահատում այն։
Հանդիպմանը ներկա էին նաեւ քաղաքականության գծով նրա խորհրդականներն ու մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը։
Պարոն Կլաարը մի շարք հարցեր ուղղեց մարզպետին․ նրան մասնավորապես հետաքրքրում էին բնակչության ընդհանուր տրամադրությունը, սահմանների նոր տեղորոշումից հետո այն խնդիրները, որոնց բախվում են մարզի բնակիչները, գյուղատնտեսական աշխատանքներում ստեղծված խոչընդոտները, անվտանգային հարցերը, մարզի տնտեսության վրա հնարավոր հետագա ազդեցությունները եւ այլն։ Նա հետաքրքրվեց նաեւ ճանապարհների հնարավոր ապաշրջափակման մասին տեղեկությունների հանդեպ մարզի բնակիչների վերաբերմունքով։
Մարզպետը նշեց, որ ներկայումս մարզում առաջնայինը մարդկանց անվտանգության ապահովումն է ու կարեւորեց երկու կողմերի՝ մասնավորապես հակառակ կողմի զինվորների ու մեր խաղաղ բնակչության միջեւ չեզոք գոտու սահմանումը, որն այժմ չկա, եւ դա էլ լուրջ բարոյահոգեբանական ազդեցություն է ունենում քաղաքացիների վրա։
Կողմերը քննարկեցին մի շարք հարցեր եւս ու շնորհակալություն հայտնեցին միմյանց հանդիպման համար։
Մելիքսեթ Պողոսյանը նշեց, որ միջազգային կառույցներից ակնկալում է հնարավորինս ակտիվ ու գործնական ջանքեր՝ առկա խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ, որպեսզի մարդիկ հանգիստ ապրեն ու աշխատեն իրենց հողում, ԵՄ հատուկ ներկայացուցիչն էլ պատասխանեց, որ ամեն ինչ կանեն կոնֆլիկտները կանխելու ու ստեղծված իրավիճակում ՀՀ-ին օգնելու համար։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22