Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

08.05.2021

Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ սյունեցիներ, իմ զինակից պատվելի՛ երկրապահներ

Շնորհավորում եմ բոլորիս Երկրապահի օրվա կապակցությամբ։
Հայոց բանակի կազմավորման հիմքն է եղել Երկրապահ կամավորականների միությունը։ Սակայն, կանոնավոր զինված ուժերի կազմավորումից հետո էլ չմարեց նրա դերը․ Երկրապահն իր անգնահատահելի դերակատարումն ունեցավ թե՛ առաջին Արցախյան, թե՛ Ապրիլյան քառօրյա, թե՛ 2020-ի Արցախյան նոր պատերազմում։
Մեր շարքերը ամեն պատերազմի արդյունքում, ցավոք, նոսրացել են, մեր եղբայրների արյան գնով ենք պահել հայրենիքն ու այսօր՝ մայիսի 8-ին, իմ խոնարհումն ու հարգանքն եմ հղում մեր զոհված զինակիցների հիշատակին։
Այսօր, թվում է, թե հուսահատ ու կոտրված ենք, բայց հավատացեք՝ մենք դեռ խոսք ունենք ասելու թե՛ ինքներս մեզ, թե՛ աշխարհին, թե՛ հակառակորդին․․․
Իսկ դրա համար բռունցքվել է պետք, միասնական, մեկ գաղափարի՝ հայրենքին ծառայելու ու նվիրվելու շուրջ համախմբվել է պետք. դա է մեր փրկության ու ոտքի կանգնելու ճանապարհը։
Մենք՝ Երկրապահի ավագ սերունդս, մեր անձնական օրինակով պետք է դաստիարակենք մատաղ սերնդին, չմոռանալով նաեւ միշտ պատմել մեր անմահացած ընկերների հերոսական կյանքի մասին, վառ պահելով նրանց հիշատակը, նրանց թողած կիսատը շարունակելով։
Ապրիլյան ու սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմը ցույց տվեցին, որ արժանի հետեւորդներ ունենք․ մեզ թվում էր, թե Արցախյան առաջին պատերազմով ավարտեցինք մեր առաքելությունը, ու մեր երեխաներն ու թոռները այլեւս Երկրապահին կամավորագրվելու առիթ չեն ունենա, ցավոք, մեր շարքերը երիտասարդացան, բայց համոզվեցինք, որ ամեն հայ սերունդ նույնկերպ սիրում ու պահում է երկիրը՝ նորից կանգնելով Հայոց բանակի, հայ զինվորի կողքին, մասնակցելով հայրենի սահմանները պաշտպանելու սուրբ գործին:
Ու քանի որ «ԵԿՄ»-ն արդեն սոսկ կազմակերպություն չէ, ու այսօր երկրապահ ենք բոլորս, նույնկերպ անպատեհ չեն «Երիտասարդ երկրապահ»-ի ու «Պատանի երկրապահ»-ի ստեղծումը․ մեզ նետված մարտահրավերներն են այդպես պարտադրում։
Այսօր ստեղծված իրավիճակը, մեր ընկած տղաների թարմ արյան հիշատակը պետք է ոչ թե տխրություն ու հուսահատություն բերեն, այլ մեզ ու նոր սերնդին հիշեցնեն, որ նրանց առջեւ դեռ պարտք ունենք…

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02