Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ-ՈՒՄ ՄԱԿ-Ի ՄՇՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ՀԵՏ

03.06.2021

Հունիսի 2-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ–ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ։

Ն․ Բաբայանը մարզում ՄԱԿ-ի ներդրմամբ իրագործված ծրագրերի համար շնորհակալություն ու հետագա ակտիվ համագործակցության պատրաստակամություն է հայտնել։
Շ․ Շարփը նշեց, որ Սյունիքում տարիներ շարունակ ՄԱԿ-ի տարբեր կառույցներ բազմաթիվ ծրագրեր են իրականացրել, իսկ պատերազմի ընթացքում ու դրանից հետո այս ամիսներին դրանք ավելի շատ հումանիտար ուղղվածություն ունեին՝ օգնելու Արցախից տեղահանված ու այստեղ վերաբնակեցված քաղաքացիներին։ Այդ կարճաժամկետ առաքելությունն ավարտվում է այս ամիս, ու հետագայում կլինեն արդեն զարգացման եւ ինտեգրման ծրագրեր։ Դա էր նաեւ այցի հիմնական նպատակը՝ տեղում պարզելու, թե այս առումով Սյունիքում ինչ կարիքներ կան։
Մարզպետի տեղակալը նշեց, որ առաջնայինը տեղահանվածներին մշտական կացարանով ապահովելն է ու նրանց զբաղվածության հարցի լուծումը։ Քանի որ շատերը եկել են գյուղական բնակավայրերից, հարկավոր է նաեւ պայմաններ ստեղծել գյուղատնտեսությամբ նրանց զբաղվելու համար։ Այդ առումով ամենիրատեսականը, հնարավոր բնակարանաշինությունից բացի, մարզի գյուղերի չբնակեցված կացարանները ձեռքբերելն ու նրանց տրամադրելն է։
ՄԱԿ–ի մշտական համակարգողը տեղեկացրեց, որ մինչ այժմ իրենք ավելի ակտիվ են եղել ՀՀ հյուսիսային մարզերում՝ հաշվի առնելով դրանց բնակչության աղքատության մակարդակը, իսկ այժմ ՀՀ կառավարությունից խնդրանք ունեն առավել մեծ ուշադրություն դարձնել Սյունիքին, ինչը եւ իրենք նախատեսում են անել։
Շ․ Շարփը նաեւ հայտնեց, որ առաջիկայում ՄԱԿ-ի, ՀԲ-ի եւ ԵՄ-ի կողմից կարիքների գնահատման համատեղ առաքելություն կաշխատի Սյունիքում, որի առաջարկները նույնպես հետագա ծրագրերի հիմքում կլինեն։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22