Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ 2020-2021 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

04.06.2021

Սիրելի՛ շրջանավարտներ

Այսօր դպրոցներում կազմակերպվում է ձեր Վերջին դասը, հնչում է կրթօջախներին հրաժեշտ տալու վերջին զանգը, որի կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ, ձեր մանկավարժներին, ծնողներին։

Այս ուսումնական տարին թե՛ համավարակի, թե՛ ցավալի պատերազմի պատճառով լի էր դժվարություններով, չծրագրված իրավիճակներով, այդուհանդերձ, ուսուցիչները, դպրոցականները և ծնողները կարողացան հարմարվել, պայմաններ ապահովվեցին մեր աշակերտների ուսում ստանալու իրավունքն անխախտ պահելու, կրթական գործընթացը լիարժեք կազմակերպելու նպատակով, որի համար շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ։

Սիրելի՛ շրջանավարտներ, ցանկանում եմ, որ ուսումնառության տարիներին  սիրելի դպրոցում ստացած գիտելիքները ամուր հիմք դառնան ձեր հետագա ձեռքբերումների  համար, օգնեն հասնել այսօր բոլորիդ մտքում փայփայվող նպատակներին, իրականացնել ամենաբարդ թվացող ծրագրերը:

Համոզված եմ՝ երիտասարդական ավյունը, լավատեսությունը, ինքնավստահությունը կօգնեն ձեզ հաղթահարել հանդիպող խնդիրները, դրա համար ձեզ օրհնաբեր ուղեկից կլինեն նաև ծնողներից և ուսուցիչներից ստացած ամենօրյա խորհուրդները, հոգատարությունը, ջերմությունը։

Եվ ինչ բարձունքների էլ հասնեք, մի՛շտ հիշեք, որ ձեր հասուն ուղին սկսվեց այստեղից՝  սիրելի դպրոցից:

Թո՛ղ կյանքի կոչվեն ձեր գեղեցիկ ու գունավոր երազանքները, թո՛ղ մեր հայրենիքում մշտապես խաղաղություն լինի, որպեսզի մասնագիտություն ձեռք բերելուց հետո ձեր կարողությունները ներդնեք միայն հայրենիքը զարգացնելու և հզորացնելու գործում։

Մեկ տարի առաջ կրթօջախներին հրաժեշտ տված ձեր շատ ընկերներ, հերոս հայորդիներ, ցավոք, ընկան 2020-ի պատերազմում՝ հայրենիքին նվիրելով ամենաթանկը․․․ Ուզում եմ, որ նրանց արժանի հետնորդները լինեք, չմոռանաք իրենց անձնական օրինակով թողած հայրենասիրության դասերը, դուք պարտավո՛ր եք  ուժեղացնել հայրենիքը՝ գիտության, մշակույթի, կրթության, տնտեսության, արհեստի, տեխնոլոգիաների ու այլ ոլորտներում դառնալով լավագույն մասնագետները։

Սիրելի՛ սյունեցի շրջանավարտներ, ցանկանում եմ, որ անչափ սիրեք  Հայաստանը, սիրե՛ք մեր Սյունիքը ու անպայման մտածեք, որ այստեղ պետք է ապրեք ու արարեք։

Բարի՛ երթ, լուսավոր ճանապարհ, խաղաղ երկինք, բազում հաջողություններ՝  բոլորիդ։

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22