Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01.09.2021

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ

Սեպտեմբերի 1-ը սպասված ու հիշարժան օր է բոլոր սովորողների և դասավանդողների համար, ուստի, ընդունե՛ք ջերմ շնորհավորանքներս նոր ուսումնական տարվա մեկնարկի  կապակցությամբ:

Թե՛ հետպատերազմյան շրջանում, թե՛ չհաղթահարվող համավարակի պայմաններում մեր հիշարժան ու տոն օրերն այլ տեսք են ստացել, այդուհանդերձ, առողջ արժեքներով հանրության կառուցման գործում  ամենակարևոր դերակատարումն ունեցող մեր սիրելի ուսուցիչների համար սա իրենց աշխատանքի հերթական փուլի սկիզբն է, աշակերտների հետ հանդիպելու և նրանց համար գիտելիքների անփոխարինելի  աշխարհը կրկին բացելու երջանկություն։

Օրը յուրահատուկ սպասումով են դիմավորում առաջին դասարանցիները, այս տարի նրանց համար դպրոցական առաջին զանգը երեկ է հնչել, որի առիթով շնորհավորում եմ դպրոց, ինչպես  նաև նախակրթարաններ, բուհեր,  այլ կրթական հաստատություններ ընդունվածներին։   

Սիրելի՛ աշակերտներ, 2020-2021 ուստարում մենք ազգային կրթության առաջնահերթությունները վերադասակարգելու,  կրթօջախների դերը վերաիմաստավորելու, կարևոր արժեքներն առանձնացնելու ցավոտ առիթներ ունեցանք, այդ պատճառով ներկա ժամանակում, առավել քան երբևէ, Հայոց աշխարհի համար հրամայական է ունենալ  լավ  կրթությամբ, հզոր գիտելիքներով, գիտական առաջընթաց ու նորարարության ձգտում ունեցող, ամեն ոլորտում զարգացում ապահովող սերունդ, որի հիմքը դպրոցն է։ Դրա համար էլ այսօր խնդրում ու պահանջում եմ ե՛ւ սովորողներից, ե՛ւ  դասավանդողներից՝ ապահովել այդ ամենը։ Վերջին  պատերազմը ևս ապացուցեց, որ ամուր ոգի, խիզախություն, հայրենասիրություն սերմանելուն զուգահեռ մենք արագորեն մեր երկրում գիտության զարգացման, առաջընթացի  խթանման կարիք ունենք։

Այդ բարդ ճանապարհին մեր ուսուցիչներին մասնագիտական ​​հաջողություններ, եռանդ ու նվիրում եմ ցանկանում,  աշակերտներին՝  մշտապես նորը սովորելով  առաջ գնալու պատրաստակամություն։  

Քառասունչորսօրյա պատերազմից հետո արցախցի մեր շատ հայրենակիցներ հաստատվել ու իրենց ապագան տեսնում են Սյունիքում,  նրանց զավակները մեր դպրոցներ են հաճախում, համոզված եմ՝  գրկաբաց  եք ընդունել նրանց, և հուսով եմ՝  այս ուսումնական տարում  նրանք, հետևում թողնելով ծանր հիշողությունները, արդեն հարազատ դպրոցի ընկալումով են  դպրոց գալիս։

Սիրելի՛ աշակերտներ, գիտելիքին ու գրին նվիրված այս տոնին բոլորիդ լավ տրամադրություն, նոր ծանոթություններ, գեղեցիկ բացահայտումներ, հետաքրքիր և օգտակար ուսումնառություն եմ մաղթում։

Թո՛ղ սեպտեմբեր ամիսն այսուհետ  միայն դրական հույզեր բերի, ու ոչինչ չխաթարի ձեր խաղաղ  ուսումնական գործընթացը։

Բարի՛ ու ապահով նոր ուսումնական տարի՝ բոլորիս։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33