Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

21.09.2021

Սիրելի՛ սյունեցիներ

Բարդ ու դժվարին ժամանակներում ենք դիմավորում Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակը։ Գրեթե մեկ տարի առաջ մեզ պատուհասած պատերազմի տարելիցը կլրանա շուտով․․․
Բայց, թե՛ 30-ամյա մեր անկախ պետականության ճանապարհի, թե՛ 2020-ի աշնան պատերազմի դասերը գալիս են հուշելու, որ ինքնիշխանություն ունենալու մեր իրավունքի համար պայքարն ամեն պահ ու անընդհատ շարունակվում է, որ պետք է ամուր պահել ու փայփայել հայրենիքի համար գերագույն արժեք անկախությունը։
Այդ դասերից ամենակարեւորը մեր միասնականությունն է, որով պիտի դիմագրավենք մարտահրավերները, որոնք հայոց պետականության կերտման ընթացքում թվում են չավարտվող ու նահանջել չեն պատրաստվում։
1991-ին ՀՀ-ի անկախությունը հռչակելու, հետագայում այն պահելու համար, ինչպես նաեւ մեկ տարի առաջվա գոյապայքարում հազարավոր հայորդիների արյուն հեղվեց․․․ Սեպտեմբերի 21-ի տոնին՝ հավերժ փառք նրանց հիշատակին ու մեր խոնարհումը՝ նրանց շիրիմներին, շնորհակալություն՝ նորանկախ Հայաստանի համար մղված բոլոր պատերազմներով անցած ու մեր կողքին ապրող հերոսներին։ Նրանք մեր երիտասարդ պետության պատմության կենդանի էջերն են․․․
Մեր պայքարը չի ավարտվել, ուստի, շնորհավորելով բոլորիս, նաեւ խնդրանքս է՝ նվիրումով ծառայենք մեր սիրելի հայրենիքին, ամենքս՝ մեր ոլորտում ու պատասխանատվության չափով։ Մենք ուժեղանալու, զարգանալու, նոր հաղթանակներ կերտելու պարտք ունենք ընկածներին, պարտք ունենք նաեւ գալիք սերունդներին ժառանգել հնարավորինս խաղաղ արարումի ու երջանիկ հայրենիք, մայրական ցավից ու արցունքից զերծ Հայաստան, իսկ դա պետք է անենք՝ նախեւառաջ ապավինելով մեր բազկի ու մտքի ուժին։ Նաեւ դրանով պիտի վերահաստատենք այս հողի վրա հարատեւելու մեր կամքը։
Բարի՛ ծառայություն ու աննկուն ոգի եմ մաղթում սահմանին կանգնած մեր զինվորներին, բարեկեցություն ու անվտանգություն եմ ցանկանում բոլորիդ օջախներին, խաղաղություն ու հզորացում՝ Հայաստանի անկախ Հանրապետությանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22