Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԿԱՅԱՑԵԼ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
02.11.2021
Անցած շաբաթավերջին Սյունիքի մարզպետարանում կայացել է Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը։ Մինչ այս նիստերը կայացել են մարզի տարբեր համայնքներում։
Նիստին մասնակցում էին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, աշխատանքային խմբի անդամները՝ պետական տարբեր գերատեսչություններից ու մարզպետարանից, այն վարում էր խմբի ղեկավար, ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։
Նիստի ընթացքում քննարկվել են բազմաթիվ խնդիրներ․ մասնավորապես, հաստատվել են Գորիսի, Կապանի ու Սիսիանի բժշկական կենտրոնների համար թթվածնային խտացուցիչների ձեռքբերման, Կապանի վեց գյուղերի (Ներքին Հանդ, Սրաշեն, Ուժանիս, Բարգուշատ, Խդրանց, Կաղնուտ) բնակելի տների տանիքների փոխման նախագծանախահաշվային աշխատանքները։ Հիշնենք, որ նախորդ
նիստերից մեկում հաստատվել էին Գորիս համայնքի Բարձրավան գյուղի բնակելի տների տանիքների փոխման աշխատանքները։ Հաստատվել է նաեւ Տեղ համայնքի Վաղատուր գյուղի խմելու ջրի ջրագծի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքների պատվիրումը։ Քննարկվել են մի շարք այլ հարցեր եւս, որոնք վերաբերում էին մարզի անվտանգային միջավայրի բարելավմանը։
Աշխատանքային խմբի նիստերի ընթացքում հաստատված ծրագրերը մարզում ամբողջությամբ իրականացվում են ՀՀ կառավարության հատկացրած միջոցների հաշվին։