Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

30.12.2021

Սիրելի՛ սյունեցիներ

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։

2020-ը ճանապարհեցինք դժվարին պայմաններում, ծանր  տպավորություններով ու հույսով, որ եկող 2021-ը ավելի քիչ հոգսաշատ ու  առավել հուսաբեր կլինի։

Սակայն գիտեմ, որ այս տարեվերջին եւս շատերիդ սրտերը  լի են տխրությամբ, դեռ չենք թոթափել պատերազմի հետքերը, դեռ մեր տղաների վերադարձին  սպասողներ կան, իսկ  կորստի ցավը չի մեղմվել ու չի մեղմվելու։ 2021-ին հատկապես Սյունիքը  նոր մարտահրավերների առջեւ կանգնեց․․․

Բայց հայրենիքը միակն է ու անփոխարինելի, մայրենի հողը՝ թանկ ու մենք՝ նրա զավակներս, պարտավոր ենք լինել ուժեղ, լավատես, միմյանց հանդուրժող ու ամենակարեւորը՝ միասնական․ սա է հաղթանակի բանալին։

Ցանկանում եմ, որ 2022 թվականին առավել բարի դառնանք իրար հանդեպ, անչափ սիրենք ու նվիրվենք Հայաստանին, սրանք են այն արժեքները, որոնք պիտի  զարգացման, հաղթանակի ու հաջողության գրավական դառնան։

Մաղթում եմ, որ գալիք տարվա արշալույսները միմիայն խաղաղ պայմաններում ու բարի լուրերով բացվեն, որ զգանք մեզ անվտանգ ու զորեղ, շարժվենք լույսի եւ հույսի ճանապարհով։ 

Սրա համար ամեն օր ու ամեն վայրկյան անդուլ աշխատել է պետք՝ ամենքս մեր տեղում․ միայն այդ դեպքում իրավունք կունենանք  ծրագրել ու երազել։

Գիտեմ, որ Նոր տարվան  ամենից շատ սպասում ու ամանորյա հրաշքին հավատում են մեր մանուկները․ հենց նրանց համար պետք է կայացնենք տոնն ու արարենք՝  նրանց ուժեղ  հայրենիք ժառանգելու նպատակի համար։

Սիրելի՛ սյունեցիներ, անգամ բարդ ու դժվարին անցնող տարում Սյունիքում շարունակել ենք նորոգել, կառուցել, զարգացում ապահովել տարբեր ոլորտներում, ու դա պետական տարբեր օղակների ու բոլորիդ համատեղ ջանքերի շնորհիվ է, Սյունիքի հանդեպ սիրո ու մեր հողին ամուր կանգնած լինելու ապացույցը։

Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ՝ վստահության, աջակցության, ներդրման ու քրտնաջան աշխատանքի, մարզի կյանքին ակտիվ մասնակցության համար։

Թո՛ղ գալիք տարին դառնա նշանակալից բարի իրադարձությունների եւ լավ փոփոխությունների ժամանակաշրջան։ Թո՛ղ ջերմությունն ու սերը տիրեն ձեր ընտանիքներում:

Խաղաղությո՛ւն, առողջությո՛ւն, լավատեսությո՛ւն, բարեկեցությո՛ւն՝ բոլորիդ , բարի՛ Ամանոր՝ Հայաստան աշխարհին։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17