Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

28.01.2022

Սիրելի՛ հայրենակիցներ

Սիրելի՛ զինվորներ ու սպաներ, Արցախյան երեք պատերազմների մասնակիցներ, կամավորականներ, Սյունիքի «Երկրապահ ԿՄ» անդամներ
Հայոց բանակի կազմավորման 30-ամյակն ենք տոնում այսօր, եւ շնորհավորում եմ բոլորիս՝ մեր պետական տոնացույցում հիրավի ամենակարեւոր տոներից մեկի ու արժեքավոր օրվա կապակցությամբ։
Սեփական զինված ուժերը նորանկախ Հայաստանի համար դարձան մեր պետության սահմանների ամրության ու հաղթանակների գրավականը, հետագա ինքնիշխանության խորհրդանիշն ու երաշխավորը։
Այսօր՝ 2020-ի պատերազմից հետո ու շարունակվող լարվածության պայմաններում, վիրավոր ենք, բայց ոչ թեւաթափ ու կոտրված ոգով․ դրա իրավունքն ու ժամանակը մենք չունենք․․․ Ուստի, ոտքի կանգնելու եւ առաջ գնալու ճանապարհին ամենքս, նախեւառաջ, պետք է նեցուկ լինենք Հայոց բանակին․․․
Հունվարի 28-ի տոնին մեր խոնարհումն ու շնորհակալանքի խոսքը՝ նախեւառաջ բանակի կայացման ու պետականության պահպանման ճանապարհին նահատակված հայորդիների հիշատակին, նրանցից յուրաքանչյուրի կյանքն ու ծառայությունը դրոշմված է մեր բանակի պատմության էջերին։
Մեր երախտագիտությունը նաեւ ՀՀ զինված ուժերի կազմավորման ու կայացման ակունքներում կանգնած նվիրյալներին՝ Վազգեն Սպարապետից մինչեւ շարքային զինվոր ու կամավորական։
Ես հավատում եմ, որ Հայոց բանակն այդ էջերին փառքով ու պատվով գրվելիք դեռ շատ էջեր կունենա, ես հավատում են գալիք հաղթանակներին, հայ զինվորի բազկի, հայ զորականի մտքի ուժին։ Դրա համար այսօր մեր բանակին նաեւ ամուր թիկունք է պետք, որի համար պատասխանատու ենք յուրաքանչյուրս՝ մեր աշխատանքով, վարքով, հայրենասիրությամբ, միասնականությամբ, Հայաստանին անդավաճան նվիրումով։
Խաղաղ, անփորձանք ծառայություն եմ մաղթում այսօր սահման պահող մեր զինվորներին ու սպաներին։ Ո՛ւժ, ամուր կամք, արիություն ու բարձր մարտունակություն ձեզ։
Շնորհավո՛ր տոնդ, Հայո՛ց բանակ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17