Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱԳԱՐԱԿԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԸ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴՊՐՈՑ» ՄՐՑՈՒՅԹԻ 2-ՐԴ ՏԵՂԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
03.02.2022
Այսօր Ագարակի միջնակարգ դպրոցում տոն էր. տնօրենության և աշխատակազմի հետևողական ու սրտացավ աշխատանքի արդյունքում Ագարակի միջնակարգ դպրոցն արդեն երկրորդ տարին անընդմեջ Սյունիքի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող հանրակրթական ուսումնական հաստատություններից ընտրված լավագույն դպրոցների եռյակում է ընդգրկվում:
Այդ առիթով այսօր Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը և մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանն այցելել էին Մեղրի համայնքի Ագարակի միջնակարգ դպրոց՝ փոխանցելու հաղթանակի գավաթը:
Միջոցառմանը մասնակցում էին Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալներ Լևոն Միրզոյանն ու Խաչատուր Անդրեասյանը, Ագարակ քաղաքի վարչական ղեկավար Արմեն Անտոնյանը, համայնքապետարանի և համայնքի կրթամշակութային օջախների ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
Հյուրերը նախ այցելեցին դպրոցի «Փառքի անկյուն», այնուհետև մեկ րոպե լռությամբ՝ ի հարգանս Արցախյան երկրորդ պատերազմում ընկած մեր քաջորդիների հիշատակի, մեկնարկեց միջոցառումը: Դպրոցի շնորհալի աշակերտները հյուրերին ողջունեցին գեղարվեստական բազում համարներով։ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը դպրոցի տնօրեն Անժելա Աղայանին շնորհեց գավաթը, ապա վերջինիս հանձնեց շնորհակալագիր նվիրված աշխատանքի համար, ինչպես նաև շնորհակալանքի և գնահատանքի խոսքեր ուղղեց դպրոցի տնօրենությանը, մանկավարժական կազմին և բոլոր ներկաներին համատեղ ձեռքբերման համար, նշելով որ պետք է ձգտել շարունակել լավ աշխատանքը՝ օրինակ ծառայելով մարզի մյուս դպրոցների համար։
Ագարակի միջնակարգ դպրոցի տնօրեն Անժելա Աղայանը նույնպես հանդես եկավ շնորհակալական խոսքով և բարձր գնահատանքի խոսքեր ուղղեց դպրոցի մանկավարժական կազմին, նշելով որ հայ ժողովրդի համար բազմաթիվ մարտահրավերների ժամանակաշրջանում ամենայն պատասխանատվությամբ շարունակում են իրականացնել ապագա սերնդի կրթությունը, որը մեր լուսավոր ապագայի ամենամեծ գրավականն է: