Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՆՇՎԵՑ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 30-ԱՄՅԱԿԸ․ ԳՆԱՀԱՏԱՆՔ՝ 44-ՕՐՅԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
17.02.2022
Սյունիքի մարզպետարանի ենթակայության «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ը փետրվարի 16-ին Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի դահլիճում կազմակերպել էր հիշատակի ու մեծարման ցերեկույթ՝ «Անպարտելի հայ զինվոր» միջոցառումների շարքի շրջանակում, որոնք մեկնարկել են հունվարից ու նվիրված են Հայոց բանակի կազմավորման 30–ամյակին։
Նմանօրինակ միջոցառում կազմակերպվել էր Գորիսում եւս, իսկ երեկվա ցերեկույթին հրավիրվել էին Կապան, Քաջարան, Մեղրի համայնքներից 44-օրյա պատերազմին մասնակից 1-ին ու 2-րդ կարգի հաշմանդամներն ու պատերազմին մասնակցած ուսանողները։
Նախաձեռնության նպատակը նրանց, ինչպես նաեւ իրենց բացակա զինակիցների գնահատանքն էր, ընկած տղաների հիշատակի առջեւ խոնարհումն ու նոր հաղթանակներ կերտելու խոստումը։
Միջոցառումը կայացավ թիվ 1 հիմնական դպրոցի մանկավարժների ու աշակերտների ջանքերով․ հնչեցին հայրենասիրական երգ, պար, ասմունք։
Մինչ ցերեկույթը դպրոցի նախասրահում շնորհալի աշակերտները հայրենասիրական թեմաներով իրենց գեղանկարչական աշխատանքներն էին ցուցադրում։
Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, շնորհակալություն հայտնելով ներկա տղաներին հայրենիքին մատուցած ծառայության համար, մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի կողմից հուշանվերներ հանձնեց նրանց։
Ներկաներին խոսք ուղղեց Կապանի հոգեւոր հովիվ Տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը։
Միջոցառմանը ներկա էին նաեւ Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադեւոսյանը, ներկայացուցիչներ մարզպետարանից, աշխատանքային այցով Կապանում գտնվող «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, հյուրեր, աշակերտներ, ազատամարտիկներ։