Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«ՀԱՅՐԵՆԻՔՆ ՍԿՍՎՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԻՑ, ԻՍԿ ՄԵՆՔ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՆՔ ԱՄԵՆ ՕՐ»․ Սյունիքի մարզպետն ու փոխմարզպետը շրջայցեր են կատարում սահմանամերձ գյուղերում
18.02.2022
«Սյունիքի մարզում յուրաքանչյուր խնդիր՝ Մեղրիից մինչեւ Գորայք, մեր ուշադրության կենտրոնում է։ Եղել ենք մարզի գրեթե բոլոր սահմանամերձ գյուղերում, շրջել դպրոցներով, զրուցել բնակիչների հետ, որպեսզի խնդիրներին անձամբ ծանոթ լինենք եւ ըստ առաջնահերթության լուծում տանք դրանց», - ասում է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը՝ ընդգծելով, որ Սյունիքի մարզպետարանը որդեգրել է աշխատասենյակի պատերից դուրս աշխատելու սկբունքը։
Նշենք, որ այս օրերին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը եւ մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը շրջայցեր են կատարում մարզի տարբեր համայնքներում, դպրոցներում մասնակցում միջոցառումների, զրուցում ուսուցիչների, համայնքների բնակիչների հետ։ Լինելով զինվորականներ՝ մարզպետն ու փոխմարզպետն առանձնահատուկ ուշադրություն են դարձնում մարզի անվտանգային հարցերին։ Նրանք այցելել են սահմանային դիրքեր ու մի շարք հանդիպումներ ունեցել, որոնք լուսաբանման ենթակա չեն։
Երեկ Սյունիքի մարզպետը Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցում մասնակցել է «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական լաբորատորիայի բացման արարողությանը։
Իսկ այսօր Մելիքսեթ Պողոսյանն ու Կարո Ավանեսյանը աշխատանքային այցով Սիսիան համայնքում էին։
Նրանք նախ եղել են Սիսիանի թիվ 1 հիմնական դպրոցում․ մարզպետը հետաքրքրվել է դպրոցի շենքային պայմաններով ու ծանոթացել կրթօջախի ուսումնական ցուցանիշներին։ Քննարկվել է նաեւ դպրոցի տանիքի մասնակի նորոգման ու պատուհանների փոխման հարցը, որին մարզպետարանը լուծում կտա։
Մելիքսեթ Պողոսյանն այցելել է նաեւ Սիսիանի՝ այս պահին կառուցվող նոր բժշկական կենտրոնի տարածք ու դիտարկել շինարարության ընթացքը, ինչպես նաեւ եղել է հիվանդանոցի՝ այս պահին տեղակայման ժամանակավոր վայրում։ ԲԿ-ի տնօրենի հետ քննակվել են առկա խնդիրները, ինչպես նաեւ շտապօգնության անսարք մեքենաների նորոգման կամ նորերով փոխարինման հարցը։
Մարզպետն ու փոխմարզպետն այցելել են Սիսիանի Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարան եւս․ այստեղ տնօրենի հետ զրույցը թանգարանի նորոգման ավարտի ու այն շահագործման տեսքին հասցնելու համար անհրաժեշտ լուծումների մասին էր, որի ուղղությամբ մարզպետարանը աշխատանք կտանի։
«Մենք ունենք հստակ աշխատանքային ժամանակացույց, որով առաջնորդվում ենք, - նշում է Մելիքսեթ Պողոսյանը,- մենք ամեն օր մեր քաղաքացիների կողքին ենք ու նրանց խնդիրները կրողը։ Մեր աշխատանքային առօրյան հաճախ դուրս է մարզկենտրոն Կապանից։ Հայրենիքն սկսվում է սահմանից, իսկ մենք սահմանին ենք ամեն օր»։