Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ
24.02.2022
Փետրվարի 23-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մարզպետարանում հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարները, մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Խորհրդակցության օրակարգի առաջին կետում համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի քննարկումն էր, որին անդրադարձ կատարեց մարզպետարանի Զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի պետ Հայկ Կարախանյանը։ Նա ամփոփեց 2019-2021 թթ․ արդյունքները՝ նշելով, որ մարզում կա 2020-ից չավարտված 8 սուբվենցիոն ծրագիր, 2021 թ․՝ 18 ծրագիր։ 2022 թ․ համար մարզի համայնքներից ստացվել է 32 սուբվենցիոն հայտ, որոնք կառավարության դիտարկումներից հետո ուղարկվել են համայնքապետարաններ՝ լրամշակման։ Այս տարվա ծրագրերի նախահաշվային արժեքը 7․5 մլրդ դրամ է, որից համաֆինանսավորման կառավարության մասնաբաժինը՝ 4․7 մլրդ դրամ։
Խորհրդակցությանը համայնքների ղեկավարները մտահոգություններ ներկայացրեցին անբարեխիղճ կապալառուների կողմից ձգձգվող աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաեւ նշվեց, որ պետական համաֆինանսավորման մասնաբաժինը հատկացնելու ներկայիս կարգով նման կապալառուների պատճառով անավարտ են մնում նաեւ նույն ծրագրում ընդգրկված այլ բաղադրիչներ։ Հետեւաբար, ֆինանսավորման կարգի փոփոխության հետ կապված առաջարկներ արվեցին՝ կառավարություն ներկայացնելու համար։
Հանդիպման ընթացքում մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը ներկայացրեց կրթական բարեփոխումների շրջանակում իրականացվող «Կրթության որակի հասանելիության» ծրագիրը, որը պիլոտային է ու առաջինն իրականացվում է Կապանում։ Դրա միջոցով գյուղական բնակավայրերում դպրոց-կենտրոններ կհիմնվեն, որոնց վերաբերյալ մարզպետարանը տեղերում քննարկումներ է նախաձեռնել գյուղերի բնակիչների, դպրոցական անձնակազմերի ու ծնողների մասնակցությամբ։
Գարնան գյուղատնտեսական աշխատանքների մասին զեկուցեց մարզպետարանի Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Էդիկ Բունիաթյանը։ Քննարկվեցին հատկապես ոռոգման ջրի, սերմացուի, պարարտանյութի, վառելիքի հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ Մեղրիում սպանդանոցի բացակայության հարցը։
Համայնքներին՝ ՏԻՄ գործավարության ու փաստաթղթային աշխատանքի կազմակերպման հետ կապված նկատառումներ փոխանցեցին ՏԻՀԳՄՀ վարչության պետ Սեյրան Ավետիսյանն ու Իրավաբանական բաժնի պետ Թամար Ստեփանյանը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաեւ առողջապահության, հողաշինության, քաղաքաշինության ոլորտներին առնչվող հարցեր։
Մարզպետը մի շարք հանձնարարականներ տվեց ու գրանցվեցին բարձրաձայնված խնդիրներն ու առաջարկները՝ համապատասխան վերադաս մարմիններին ներկայացնելու համար։
Փետրվարի 23-ի առավոտյան Մելիքսեթ Պողոսյանը խորհրդակցություն էր անցկացրել նաեւ մարզի համայնքների ղեկավարների, ուժային կառույցների մարզային ստորաբաժանումների, ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարների ու մարզպետարանի՝ խորհրդակցությանը քննարկվող ոլորտների պատասխանատուների մասնակցությամբ։