Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

08.03.2022

Մարտի 8-ը գեղեցկության, բարության, սիրո եւ ներդաշնակության տոն է, իսկ դրանք ամբողջանում են կնոջ վառ կերպարում։ Եվ գարնան առաջին տոնը եւս մեկ առիթ է մեր երախտագիտությունը, ջերմությունը, շնորհակալանքի խոսքերը փոխանցելու ձեզ, սիրելի՛ կանայք եւ աղջիկներ: Ուստի, շնորհավորում եմ բոլորիդ Կանանց տոնի կապակցությամբ, մեր թանկագի՛ն մայրեր, տատիկներ, կանայք, քույրեր ու դուստրեր․․․
Գիտեմ, որ հետպատերազմյան ժամանակաշրջանում շատերդ ապրում եք անամոքելի ցավով, շատերիդ մշտապես ուղեկցում են տագնապն ու անհանգստությունը, հետեւաբար, այսօր առաջին հերթին խոնարհումս ու սփոփանքի խոսքերս եմ ուղղում հայրենիքին ամենաթանկը նվիրած ու կորուստներ ունեցող կանանց, իսկ բոլորիդ հղում եմ այս եւ բոլոր տոներին հայ կնոջ համար ամենակարեւոր մաղթանքը՝ խաղաղություն․․․
Ցանկանում եմ ձեզ նաեւ առողջություն, ապագայի հանդեպ լավատեսություն, հնարավորինս անհոգ օրեր, բարեկեցություն, հաջողություններ՝ ձեզ համար կենսական բոլոր ոլորտներում, չմարող հմայք ու գարնանային պայծառ տրամադրություն՝ ողջ տարվա ընթացքում։
Իհարկե, մեր գնահատանքին եւ ուշադրությանն արժանի եք ոչ տարվա մեջ մեկ օր ու միայն տոնի առիթով, քանզի անգնահատելի է ինչպես ընտանեկան օջախի պահապանի ձեր դերը, այնպես էլ դերակատարումը մեր կյանքի պետական, գիտական, գործարար, կրթական ու առողջապահական, հանրային եւ այլ ոլորտներում։
Շնորհակալ եմ ամենքիդ՝ ձեր իմաստնության ու համբերատարության, բարության ու ջերմության, քնքշության ու հոգատարության համար։ Այսօր նաեւ ձեր հավատից, լավատեսությունից, յուրաքանչյուրիդ անձնական ջանքից ու ներդրումից է մեծապես կախված մեր հայրենիքի ներկան ու ապագան եւ առհասարակ՝ այս աշխարհն ավելի լավը, ավելի համերաշխ ու բարի վայր դարձնելը։
Եվս մեկ անգամ շնորհավորելով մեր սիրելի հայուհիներին՝ ցանկանում եմ, որ միշտ շրջապատված լինեք հարազատների հոգատարությամբ, ըմբռնումով եւ աջակցությամբ: Թո՛ղ որ իրականություն դառնան այն բոլոր բարի ցանկություններն ու մաղթանքները, որոնք ուղղվում են ձեզ այսօր։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 10:24:46