Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
15.03.2022
Մարտի 10-ին՝ դպրոցական առարկայական օլիմպիադայի մարզային փուլում հաղթած Գորիսի ու Սիսիանի տարածաշրջանների աշակերտները, մարտի 14-ին Կապանի ու Քաջարանի տարածաշրջանների աշակերտները Սյունիքի մարզպետի կողմից դիպլոմներ ու գովասանագրեր ստացան․ դրանք հանձնեց մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը։ Առաջիկայում կխրախուսվեն նաեւ Մեղրի համայնքի աշակերտները։
Նշենք, որ առարկայական օլիմպիադայի մարզային փուլին մասնակցել է սյունեցի 785 աշակերտ, նրանցից 329-ը արժանացել է դիպլոմների ու գովասանագրերի։ Առաջին կարգի դիպլոմ է ստացել 98 հոգի, 2-րդ կարգի՝ 88 աշակերտ, 3-րդ կարգի՝ 129, 14 մասնակից գովասանագրի է արժանացել։
Մարզային փուլում հաղթողներից 120 աշակերտ իրավունք է վաստակել ներկայացնելու Սյունիքը օլիմպիադայի հանրապետական փուլում, որը դեռեւս ընթացքի մեջ է։
Շնորհավորելով մարզային փուլում լավագույն արդյունքներ գրանցած աշակերտներին, նրանց ուսուցիչներին ու ծնողներին՝ Մերի Գանդալյանը շնորհակալություն է հայտնել առարկայական օլիմպիադայի ավարտված փուլերի կազմակերպիչներին եւ հանձնաժողովներում ընդգրկված ուսուցիչներին՝ անաչառ աշխատանքի համար։
Ամփոփելով մարզային փուլի արդյունքները՝ ներկայացնում ենք մրցանակային տեղեր ունեցող առաջատար կրթօջախները․
Կապանի թիվ 2 ավագ դպրոց՝ 40 մրցանակակիր, Սիսիանի ավագ դպրոց՝ 35, Գորիսի թիվ 4 ավագ դպրոց՝ 30, Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոց՝ 22, Գորիսի թիվ 1 ավագ դպրոց՝ 19, Ագարակի միջնակարգ դպրոց՝ 16, Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոց՝ 13, Կապանի թիվ 9 ավագ դպրոց՝ 13, Կապանի թիվ 1 հիմնական դպրոց՝ 11, Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոց՝ 11, Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոց՝ 9, Խնձորեսկի միջնակարգ դպրոց՝ 9։