Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկում է Կապանի կրթական նոր մոդելի իրագործումը. պահուստային ֆոնդից միջոցներ են հատկացվել
17.03.2022
Կառավարության որոշմամբ պետական բյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել է 60 մլն դրամ գումար` Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի կրթական նոր ծառայությունների ներդրման ծրագրի մեկնարկի համար:
Նախագծի ներկայացման ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ հատկացումն արվում է ՀՀ կառավարության՝ կրթական ռեֆորմների շարունակականությունն ապահովելու հանձնառության շրջանակում:
Վահրամ Դումանյանի տեղեկացմամբ` 60 մլն դրամը նախատեսված է Կապան խոշորացված համայնքի 13 գյուղական բնակավայրերում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման նպատակով կրթահամալիրների ստեղծման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության համար: Նախատեսված է իրականացնել կրթահամալիրների վերակառուցման և կառուցման աշխատանքներ: Ստորև ներկայացվում են նախատեսվող աշխատանքները` ըստ բնակավայրերի.
Կրթահամալիրների վերակառուցում
• Աճանան
• Օխտար
• Արծվանիկ
• Գեղանուշ
• Սյունիք
• Եղեգ
• Ծավ
• Ճակատեն
Նոր կրթահամալիրների կառուցում
• Ներքին հանդ
• Շիկահող
Մոդուլային կրթական հաստատությունների կառուցում
• Վերին Խոտանան
• Դավիթ Բեկ
• Եղվարդ
Նշված բոլոր բնակավայրերը աշխատանքների ավարտից հետո կունենան ժամանակակից կրթական շենքային պայմաններ` ապահովված համապատասխան լաբորատորիաներով, մարզադահլիճներով և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներով: Նոր կրթահամալիրներում կկազմակերպվեն նախադպրոցական և հանրակրթական ծառայություններ, ինչպես նաև կիրականացվեն լրացուցիչ կրթական ծրագրեր` ըստ համայնքների կարիքների: Նոր կրթօջախները կծառայեն նաև որպես բնակավայրի մշակութային և մարզական կենտրոններ:
Նոր կրթահամալիրներից 7-ը կծառայեն նաև շրջակա բնակավայրերի երեխաների համար: Այդ նպատակով կգործարկվեն 8 երթուղիներ` դրանց սպասարկման համար ձեռքբերված տրանսպորտային միջոցներով, որոնք կունենան վարորդ և ուղեկցորդ:
ԿԳՄՍ նախարարը նաև տեղեկացրել է, որ Կապանի ծրագրի իրագործման կազմակերպչական խնդիրները տեղում արձանագրելու նպատակով նախարարության ներկայացուցիչները Հայաստանի մանուկների հիմնադրամի և այլ գործընկերների հետ վերջերս այցելել են Սյունիք: Տեղում կատարված դիտարկումների արդյունքներով որոշվել է Սիսիանի թիվ 1 հիմնական, Կապանի թիվ 9 ավագ և Գորիսի թիվ 4 ավագ դպրոցները ներառել Կառավարության ծրագրով հիմնանորոգվող 300 դպրոցների պետական ծրագրում: Քննարկվում է նաև «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի աջակցությամբ Կապանի գյուղական բնակավայրերից մեկում սմարթ կենտրոնի կառուցման ծրագիրը:
Աղբյուրը՝ www.escs.am