Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՕՊԵՐԱՏԻՎ ՇՏԱԲԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՆՔԸ
21.03.2022
Սյունիքի ավտոճանապարհներին ստեղծված արտակարգ իրավիճակի հետեւանքով առաջացող խնդիրների լուծման ու ահազանգերը համակարգելու նպատակով Սյունիքի մարզպետարանում երեկվանից ստեղծված օպերատիվ շտաբն աշխատում է շուրջօրյա հերթապահությամբ, շարունակում է զանգեր ստանալ քաղաքացիներից ու արձագանքել դրանց։
Մարտի 21-ին՝ ժամը 11։30-ի դրությամբ, ստացվել է 172 զանգ․ դիմողներն ամենից շատ հետաքրքրվում են Մ2 մայրուղու եւ մարզի տարբեր ճանապարհահատվածների բաց կամ փակ լինելով։
Շատ են նաեւ խցանումների մեջ հայտնված քաղաքացիներից ահազանգերը․ ողջ գիշեր ճանապարհին մնացած ուղեւորներ են տեղափոխվել։
Ըստ անհրաժեշտության լուծվում է նաեւ ուղեւորների կեցության խնդիրը, մասնավորապես, երեկ իրանցի 320 զբոսաշրջիկ տեղավորվել է Կապանի հյուրանոցներում ու անհատական բնակելի տներում։
Կազմակերպվել է առողջապահական ահազանգով մեկ քաղաքացու տեղափոխումը հիվանդանոց։ Շտաբը շարունակում է աշխատանքը շուրջօրյա ռեժիմով։
Հիշեցնենք, որ ուղեւորներն ու վարորդները շտապ արձագանք պահանջող խնդիրների եւ կարիքների համար կարող են զանգահարել 077933955 (տվյալ հեռախոսահամարով կարող են զանգահարել նաեւ ռուսախոս, անգլախոս, պարսկախոս անձինք) հեռախոսահամարով։